«Բա ի՞նչ պետք է աներ, պե՞տք է հրավիրեր սրճարան սուրճ խմելու»․ Փաշինյանն իր անվտանգության աշխատակցի՝ 18-ամյա տղային հարվածելու մասին
«Ես նախ չեմ տեսել, թե ինչ է կատարվել, բայց ուզում եմ ասել, որ երբ պետական պահպանութան ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, կարող է հարվածել, Աստված չանի՝ սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ եկեղեցում պատարագի ժամանակ 18-ամյա Դավիթ Մինասյանը, ըստ իրավապահների, փորձել է հարվածել Նիկոլ Փաշինյանին։ Մինասյանը երեկ երկու ամսով կալանավորվեց։ Երեկ նոր տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, թե ինչպես է Փաշինյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցը հարվածում երիտասարդին։
Ինչպե՞ս է պատահում, որ ձեռքը բարձրացնելու համար 18-ամյա տղան կալանավորվում է, իսկ անվտանգության աշխատակիցը հարվածելու համար պատասխանատվության չի ենթարկվում։ Այս հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․«Այսինքն ձեզ համար պետական պահպանության ծառայողն ի՞նչ է․․․ նրա համար է, որ երբ կա իրավիճակ, ուժ գործադրի, ինքը բոլոր լիազորություններն ունի, իրավիճակը սրվի, անհրաժեշտության դեպքում կարա զենք գործադրի։ Դա ձեզ համար նորությո՞ւն է։ Եթե այդ աշխատանքը չանի, նրա դեմ է քրեական գործ հարոցվելու, ինքը կարա հայտնվի բանտում իր պարտականությունները չկատարելու համար։ Երբ ինչ որ մեկը գործողություն է անում, ինքը բեյջ չունի, որ ինքը 18 տարեկան է կամ աողջական խնդիրներ ունի կամ այլ կարգի խնդիրներ ունի։ Ծառայությունը պետք է իրականացվի։ Եթե այդպես չլինի, այդ ծառայությունն անիմաստ կլինի»։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ չի հանդուրժի, որ ՀՀ որևէ ծառայություն իր պարտքը, ծառայությունը չկատարի․« Բացառված բան է։ Բա ի՞նչ պետք է աներ, պե՞տք է հրավիրեր սրճարան սուրճ խմելու։ Ես որքան հասկանում եմ, այնպես է հարվածել, որ նույնիսկ մարմնական վնասվածքներ չի ստացել»։
Լրագրողների հստակեցմանը՝ երիտասարդի ծնոտն է վնասվել է, Փաշինյանն այսպես արձագանքեց․«Կարող է ցանկացած մարմնական վնասվածք ստանալ։ Բա իր ծառայության իմաստն այն է, որ երբ կա հարձակման վտանգ, ինքը գործի։
Իմ աշխատանքը չէ գնահատել հարձակում է, թե հարձակում չէ, դա պետական պահպանության ծառայութունը պիտի գնահատի, պե՞տք է գործել, թե՝ չգործել, պե՞տք է կրակել, թե՝ չկրակել, պե՞տք է վնասազերծել, թե՝ ոչ»։
