ՌԴ իրավապահ կառույցների ղեկավարները Պուտինին զեկուցել են Կրոկուս Սիթի Հոլում ահաբեկչության հետաքննության վերաբերյալ
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների ղեկավարները երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցում են Կրոկուս Սիթի Հոլում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության մասին։
ՌԴ առողջապահության նախարարությունը և տարածաշրջանային իշխանությունները հայտնել են տուժածներին ցուցաբերվող օգնության մասին։
Նշվում է, որ Պուտինը զրուցել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի, առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյի և Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք Պուտինին տեղեկացրել են ահաբեկչությունից տուժածներին օգնելու համար ձեռնարկվող միջոցների մասին։
Իր հերթին, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը և Ռուսաստանի գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը Ռուսաստանի Դաշնության նախագահին զեկուցել են ահաբեկչական հարձակման հետաքննության ընթացքի մասին։
Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են Կրոկուս Սիթի Հոլում, որտեղ պետք է տեղի ունենար Պիկնիկ խմբի համերգը, կրակոցների մասին։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 60 մարդ։ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են, 60-ը՝ մեծահասակ, մեկ երեխա՝ ծանր վիճակում։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։ Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։