ՄԻՊ հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ՝ 18-ամյա Դավիթին տեսակցելու նպատակով
Ապրիլ 02,2026 16:23
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով:
«Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։
Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում՝ բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։
Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը:
Պաշտպանը կարևորում է ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի և առողջության իրավունքի ապահովումը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու նրանց անվտանգությունն ու պատշաճ բժշկական օգնությունը, ինչպես նաև կրթության և այլ հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը։
Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին և պահպանելով դատարանների գործունեությանը չմիջամտելու արգելքը՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:
Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։
Պաշտպանի ներկայացուցիչները «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել են նաև այլ անձանց՝ նրանց իրավունքներին առնչվող հարցերը հասցեավորելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:
