Անպարտելի Բաչկովը Դուբայում նոկաուտի ենթարկեց վենեսուելացուն՝ պաշտպանելով WBA InterContinental գոտին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ, 33-ամյա Հովհաննես Բաչկովը շարունակում է իր հաղթարշավը պրոֆեսիոնալ ռինգում։ Դուբայում կայացած «BATL Promotions» մրցաշարի շրջանակում հայ մարզիկը փայլուն հաղթանակ է տոնել՝ հաջողությամբ պաշտպանելով WBA InterContinental չեմպիոնական տիտղոսը։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության հնգակի բրոնզե դափնեկիր Բաչկովի մրցակիցը վենեսուելացի Լուիս Արկոնն էր։ Մենամարտի հանգուցալուծումը գրանցվեց չորրորդ ռաունդում, երբ մեր բռնցքամարտիկը դիպուկ հարվածով նոկաուտի ենթարկեց հակառակորդին։
Նշենք, որ սա վենեսուելացի մարզիկի առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ ասպարեզում։ Հատկանշական է, որ այս երկու բռնցքամարտիկները նախկինում հանդիպել էին նաև 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերում, որտեղ նույնպես առավելությունը Բաչկովի կողմն էր։
Այսպիսով, Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրած 9-րդ մենամարտում գրանցեց իր 9-րդ անընդմեջ հաղթանակը։
Այս բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայկական մարզաշխարհը ևս մեկ տպավորիչ արդյունք գրանցեց։ Ռինգ դուրս եկած Անահիտ Արոյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80-72, 79-73, 79-73 հաշվով առավելության հասավ զամբիացի Ալիս Մբեվեի նկատմամբ։
Արոյանը ոչ միայն տոնեց 17-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում, այլև կարողացավ անձեռնմխելի պահել իրեն պատկանող WBA Intercontinental գոտին։
