Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել իր որդու՝ բանակում չծառայելու մասին հարցին տված պատասխանի համար | Region

Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել իր որդու՝ բանակում չծառայելու մասին հարցին տված պատասխանի համար

Ապրիլ 07,2026 11:59

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել իր ավագ որդու՝ բանակում չծառայելու պատճառների մասին հարցին տված պատասխանի համար։

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 6-ին,  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ իր ավագ որդին բանակում չի ծառայել, պատասխանել էր.  «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»:

Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունը քննադատության տեղիք էր տվել հանրության շրջանում։ Քոչարյանի գրառմանն անդրադարձել էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որի երկու որդիներն այս պահին ծառայում են ՀՀ զինված ուժերում։

«Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ ` Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը:

Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի:

Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր Ավանեսյանը:

Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով թեմային, նշել է, որ այդ պատասխանով նպատակ է ունեցել ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժևորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը։

«Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժևորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։

Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։

Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է Քոչարյանը։

 

Նորություններ