Մալխաս Ամոյան. Կփորձեմ ամեն ինչ անել, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճել
Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակում եմ մեկնում Ալբանիա: Այս առումով պատասխանատվությունն ավելի է ծանրանում, պայքարն ավելի բարդ է դառնում: Կփորձեմ ամեն ինչ անել, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:
77 կգ քաշային կարգում Հայաստանի առաջատարը պատրաստվում է ԵԱ 5-րդ տիտղոսի համար պայքարին: Նրա խոսքով՝ հաղթանակը հեշտ չի տրվելու:
«Լավ հավաքներ ենք ունեցել նախապատրաստական փուլում եւ այժմ արդեն 5-րդ հավաքն ենք անցնում: Լավ մարզավիճակում եմ գտնվում, լավ եմ պատրաստվել, բոլոր հավաքներին մասնակցել եմ: Եվրոպայի առաջնության մրցագորգը ցույց կտա, թե ինչպես եմ պատրաստվել եւ ինչի եմ արժանի:
Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակում եմ մեկնում Ալբանիա: Այս առումով պատասխանատվությունն ավելի է ծանրանում, պայքարն ավելի բարդ է դառնում: Երբ գործող չեմպիոնի կարգավիճակում ես մասնակցում, բոլորը քո դեմ ավելի շատ տրամադրված են գալիս, էլ ավելի պատրաստված են լինում: Այս առումով հաղթելն ավելի է դժվարանում: Կփորձեմ ամեն ինչ անել, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճել:
Մրցաշարը ցույց կտա, թե որքանով եմ ավելացրել մարզավիճակս: Հաղթանակը, հաստատ, հեշտ չի տրվելու: Իմ քաշային կարգում 6-7 ուժեղ մրցակիցներ կան, որոնք, հիմնականում, հավակնում են հաղթողի կոչմանը: Այդ օրն ով լավ զգա իրեն, ով ավելի լավ մարզավիճակում կլինի, նա էլ կհաղթի»,- ասաց Մալխաս Ամոյանը:
Հիշեցնենք, որ 2025 թ. Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ամոյանը հռչակվեց քառակի չեմպիոն: Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնություններում տիտղոսը նվաճել է նաեւ 2022թ., 2023 թ. եւ 2024 թ.-ին:
