Գյումրու ավագանու անդամներ․Միլիոնատերեր, նվիրատվություններ, Tesla-ներ, կանխիկ խոշոր գումար ու համեստ բանկային հաշիվներ (Մաս 1)
RegionsTV-ն ուսումնասիրել է Գյումրու ավագանու անդամների 2021-2025 թթ. գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Ավագանու որոշ անդամներ 2025-ին առաջին անգամ են ընտրվել, ուստի նրանց հայտարարագրերը վերաբերում են միայն 2024 կամ 2025 թվականին։
Որոշների դեպքում ներկայացնում ենք նաև նրանց՝որպես ավագանու անդամի թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրած հայտարարագրերը՝ եթե կան զգալի տարբերություններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ) ներկայացրած հայտարարագրերի հետ։
Հատկանշանական է, որ ավագանու անդամներից շատերը իրենց փողերը պահում են կանխիկ, այն դեպքում, երբ կառավարությունը պարբերաբար շեշտում է, որ անկախիկ առևտրաշրջանառության քաղաքականությունն են խթանում։
Այսպես՝ Գյումրու ավագանու ամենաշատ մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը նախորդ շրջանում իշխանություն էր, այժմ ավագանիում հանդես է գալիս որպես ընդդիմություն, որի անդամների ունեցվածքը բավականին տպավորիչ է։
«Քաղաքացիական պայմանագիր»․ նոր ձեռքբերումներից մինչև զգալի կանխիկ միջոցներ և բանկային պարտավորություններ ու նվիրատվություններ
Սարիկ Մինասյան. Բնակարանային նոր ձեռքբերում և կանխիկի աճ
Գյումրու քաղաքապետի նախկին պաշտոնակատար (2024- դեկտեմբերի 13-ից 2025-ի մարտ) Սարիկ Մինասյանի ֆինանսական պատկերը տարիների ընթացքում էական փոփոխություններ է կրել։ Նա 2022-2024-ին եղել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն։
- Անշարժ գույք և տրանսպորտ. 2004-ին Գյումրիում ձեռք բերված բնակարանին 2023-ին գումարվել է ևս մեկը։
- Տրանսպորտային միջոցների շարքում են 2017 և 2019 թվականներին ձեռք բերված երկու MERCEDES-BENZ-ները։
- Ֆինանսական միջոցներ. 2021-ին ունեցած 8,6 մլն դրամ կանխիկը 2024-ի վերջին հասել է 16 մլն դրամի: Պահպանվել են նաև արտարժութային միջոցները՝ 3500 եվրո և 6000 դոլար:
- Եկամուտներ. 2024-ին ստացել է 4,790,836 դրամ Միասնական սոցիալական ծառայությունից և 179,215 դրամ՝ համայնքապետարանից։
- 2024-ին 17,333,859 դրամ վարկ է ունեցել, որը 2025-ի հայտարարագրում չկա, հավանաբար մարել է։
«Ակբա բանկում» ունի 20 հատ պարտատոմս (282 հազար դրամանոց)։

Վահագն Մկրտչյան. Ձեռնարկատիրությունից մինչև նոր մեքենա
- 2022 Գույք. Ունի հասարակական շինություն, որը գնել է 2021թվականին։
- 2022-ին ձեռք է MAZDA ավտոմեքենա։
- Վահագն Մկրտչյան ԱՁ-ից ստացել է 542․000 դրամ եկամուտ։
- Վարկը կազմել է 504․364 դրամ։
- Կանխիկ դրամը կազմել է՝ 3․450․000 դրամ։
- 2025 թվականին Գյումրու ավագանու պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարագրել է FORD մակնիշի ավտոմեքենա, իսկ Mazda-ի մասին նշում չկա, չկա տվյալ տարում նաև դրա օտարման մասին
- Կանխիկ գումարը․2025-ի դրությամբ հայտարարագրել է 4,5 մլն դրամ և 1500 դոլար կանխիկ միջոց։
- Որպես եկամուտ նշվել է նաև վարձակալությունից ստացված 50,000 դրամ:
- Վարկային բեռ․ 1,738,576 դրամ։
- Բիզնես․2022-ին իր շահերի հայտարարագրում իր անունով ԱՁ է ներկայացրել։ «ՄԵԼԻԿՈՎԻՉ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ընկերությունում ունի 50% բաժնեմաս։

Լևոն Անանյան. Նվիրատվությունների «առատություն»
2021թվականին Շիրակի մարզպետի խորհրդականն էր։
- Նվիրատվություններ. 2018-ին նվիրատվություն է ստացել հասարակական շինություն, 2019-ին՝ MERCEDES-BENZ, իսկ 2022-ին՝ անհատական բնակելի տուն։
- Կանխիկ միջոցներ. Պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 3700 եվրո, 24,000 դոլար, 1,1 մլն ռուբլի և 4,9 մլն դրամ:
- 2025-ին ներկայացրած եկամուտները՝ 1,505,266 դրամ աշխատանքի վարձատրություն Էկոնոմիկայի նախարարությունից։

Գալյա Հայրապետյան. Հողամասերի և բնակարանների սեփականատեր
Ամենածավալուն գույքային ցանկն ունի Գալյա Հայրապետյանը.
- Անշարժ գույք. Ունի 8 հողամաս, որից 5-ը ձեռք է բերել 2025-ին
- 4 բնակարան, որից 3-ը ձեռք է բերել 2024-ին, 1-ը՝ 2025-ին, 1 սեփական տուն, ձեռք է բերել 2022-ին, նույն տարում ժառանգություն է ստացել ավտոտնակ։
- Կանխիկ դրամ․ 850 հազար դրամ։
- Պարտավորություններ. Ունի զգալի վարկային բեռ՝ 25,387,396 դրամ:

Քնարիկ Հարությունյան. Տպավորիչ ժառանգություն և բարձր եկամուտներ
- 2022 թվականին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ժառանգություն է ստացել 2 հողամաս, 1 անհատական բնակելի տուն, որը 2024-ին օտարել է։
- Գյումրիում անհատական տան մասնաբաժին է ժառանգություն ստացել։
- Ֆինանսներ–2022թ․ Աշխատավարձ՝ 2,6 մլն դրամ՝ ՔՊ-ից, 281, 000 դրամ՝ Շիրակի մարզպետարանից, 842,509 դրամ՝ ԱԺ-ից, տարեվերջին կանխիկ գումարը՝ 0 դրամ, բանկային հաշվի մնացորդը՝ 607․000 դրամ։
- Ֆինանսներ-2024թ․Աշխատավարձ՝ 5,7 մլն դրամ՝ ՔՊ-ից, 281, 000 դրամ՝ Շիրակի մարզպետարանից, 842,509 դրամ՝ ԱԺ-ից։ Տարեվերջին կանխիկ գումարը՝ 1,5 մլն դրամ։ Բանկային հաշվի մնացորդը՝ 138,000 դրամ։
Ունի նաև վարկային պարտավորություններ։

Էդգար Բաղդասարյան. Ավտոպարկի թարմացում
Էդգար Բաղդասարյանը տարիների ընթացքում հետևողականորեն համալրել է իր տրանսպորտային միջոցների ցանկը.
- Մեքենաներ. 2018-ից մինչև 2025 թվականը ձեռք է բերել FORD (բեռնատար), NISSAN (2020թ․), VOLKSWAGEN (2023թ․), KIA (2024թ․) և RENAULT (2025թ):
- Պարտավորություն․ունի 2,2 միլիոն դրամի վարկ։
- Հակասություն. ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է 3 անշարժ գույք՝ երկու բնակարան՝ 60քմ և 66քմ, 1 սեփական տուն՝ 300քմ, մինչդեռ ԿԿՀ-ին ներկայացրել է միայն մեկ բնակարան և հողամաս։
- Կանխիկ դրամ․ 3600 դոլար, 360․000 ռուբլի և 860․000 դրամ։
- Եկամուտ․ 2․1 մլն դրամ աշխատավարձ՝ «ԲԱՐՍԻՍ» ընկերությունից։

Նարեկ Բեգզադյան. Բիզնես շահեր և կանխիկի տատանումներ
- Բիզնես. 2023-ին ձեռք է բերել «ԳԱՐԴԵՆ ՌԵԶՈՐԹ» ընկերության 100% բաժնեմասը։
- Կանխիկ. 2025-ի դրությամբ ունի 750,000 ռուբլի, 3800 եվրո, 5000 դոլար և 2․1 մլն դրամ կանխիկ միջոց։
- Ավտոմեքենաներ․ GMC մակնիշի մարդատարը ձեռք է բերել 2024-ին, Lexus-ը՝ 2018-ին, մարդատար Mercedes-ը ՝2024-ին։
- Աշխատավարձ․ 574,537 դրամ՝ Գյումրու համայնքապետարանից, 1,4 մլն դրամ՝ Գյումրու Էնրիկո Մատտեյի անվան պոլիկլնիկայից։
- Անշարժ գույք․Հողամասի միանձնյա սեփականատեր, ձեռք է բերել 2023 թվականին։ Անհատական բնակելի տուն, որը ժառանգել է 2009 թվականին և միանձնյա սեփականատեր հասարակական շինության, որը ձեռք է բերել 2007-ին։

ՔՊ-ի այլ անդամների տվյալները.
- Շավարշ Արամյան. 2021-ի հայտարարագրում նշել է՝ 2 հողամաս Ամասիայում, 2012-ին ձեռք բերված GAZ մեքենա, իսկ ահա 2025 թվականի հայտարարագրում այս հողամասերն ո մեքենան նշված չեն, օտարման մասին էլ նշում չկա։ Տիրապետում է «Արաքսյա Մովսիսյան» ԱՁ-ի 100% բաժնեմասին։ Վարկային պարտավորությունը՝ 2021-2025-ին 3 մլն-ից դարձել է 5 մլն դրամ, Աշխատավարձ է ստացել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից»՝ 1 մլն դրամ։
- Հովհաննես Մանուկյան. Ունի 1 բնակարան, 1 տուն Գյումրիում, MERCEDES-BENZ (2020թ.)։ Կանխիկ միջոցները՝ 4500 եվրո, 11,000 դոլար և 4,8 մլն դրամ։ Ունի փոքր բաժնեմաս (0,07%) «ՋԵՎԵԼ ՄՈԴ» ընկերությունում։ «Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան»-ից ստացել է է 1,2 մլն դրամ աշխատավարձ։
- Աստղիկ Բեյբուտյան. Ունի 2021-ին համատեղ ձեռք բերված հասարակական շինություն։ Կանխիկ միջոցները տարիների ընթացքում աճել են՝ հասնելով 7 մլն դրամի (2024թ.)։
- Էմմա Բարսեղյան. Ունի Գյումրիում նվիրատվություն ստացած բաժնեմաս բնակարանում։ 2025-ին աշխատավարձ է ստացել մարզպետարանից՝ 659 հազար դրամ, Պոլիտեխնիկից՝ 124 հազար դրամ, «Բեռլին» պոլիկլինիկայից՝ 1․4 մլն դրամ։
- Վահան Դավթյան. Բնակարան Գմյումրիում, 2016-ին է նվիրատվություն ստացել։ 2022-ին գնել է SUBARU։ Ունի 2 մլն դրամ վարկ, «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամից ստացել է աշխատավարձ ՝ 1,2 մլն դրամ։
- Լուսինե Նազարյան. Կանխիկ միջոցները կազմում են 8000 եվրո։ Բանկային հաշվի մնացորդները՝ 21,000 ռուբլի, 290 դոլար և 150 հազար դրամ։ Աշխատավարձ է ստացել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից՝ 46,500 դրամ, Առափիի դպրոցից՝ 116,772 դրամ։
- Անդրանիկ Հակոբյան. Ներկայացրել է միայն վարկի մնացորդը՝ 6,671,912 դրամ: Այլ տվյալներ հայտարարագրում բացակայում են։

Կոմունիստական կուսակցություն․«Հավասարության» գաղափարախոսության հետևորդ-ավագանիներ անհամաչափ ունեցվածքը
Վարդան Ղուկասյան. Կալանավորված քաղաքապետի ադամանդներն ու բիզնեսը
- Անշարժ գույք․ 1 բնակելի տուն, հասարակական շինություն և 2 հողամաս։
- Շարժական գույք․ BMW ավոտմեքենա, որը ձեռք է բերել 2007-ին, իսկ 2019-ին ձեռք բերած MITSUBISHI-ին 2025-ի հայտարարագրում չկա՝ առանց օտարման մասին տեղեկության։
- Ֆինանսներ. 2021-ին ունեցել է 850 հազար դրամ բանկում և 280 հազար կանխիկ։ 2025-ին պատկերը փոխվել է. բանկում մնացել է ընդամենը 2166 դրամ, սակայն կանխիկ միջոցներն աճել են՝ 4 մլն դրամ, 3500 դոլար և 6000 եվրո, 600 հազար դրամ։
- Բիզնես և եկամուտ. «Ալեքպոլ» ՍՊԸ-ից (50% բաժնեմաս ունի) ստացել է 2,4 մլն դրամ շահաբաժին, ԱԺ-ից՝ 4,3 մլն դրամ աշխատավարձ։ 700 հազար դրամ վարձակալության վճար՝ Կարեն Մովսիսյան ԱՁ-ից։ 222,222 դրամ Սամվել Մովսիսյան ԱՁ-ից վարձակալության վճար։
- 75 հազար դրամով արժեթուղթ ունի, սակայն, թե որտեղ, նշված չէ։
- Աշխատավարձ․ 2021-ին ԱԺ-ից 4,3 մլն դրամ աշխատավարձ է ստացել։
- Վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում․Կարեն Մովսիսյան ԱՁ-ից 700 հազար դրամ է ստացել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրած փաստաթղթերում Ղուկասյանը նշել է թանկարժեք իրեր, որոնք բացակայում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) ռեեստրից.
- 1.2 մլն դրամանոց ոսկյա ժամացույց
- Երկու ադամանդե մատանի (1 մլն և 1.5 մլն դրամ)
- Ոսկյա ապարանջան՝ 650 հազար դրամ
- Ոսկյա խաչ ապարանջան՝ 1մլն դրամ
- Ժամացույց՝ 1,3 մլն դրամ

Ավետիս Առաքելյան. Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ու Վարդան Ղուկասյանի փեսան համեստ ունեցվածք ունի՝ ըստ հայտարարագրի
- 2025 թվականի հայտարարագրել է բանկային հաշվին առկա 1042 դրամը
- Կանխիկ գումարը․ 467 հազար դրամ։
- Ֆինանսներ․349 հազար դրամ աշխատավարձ՝ Գյումրու համայնքապետարանից։
- 2021-ին «Գազպրոմ Արմենիա»-ից ստացած աշխատանքի վարձատրություն՝ 934 հազար դրամ։
Առաքելյանը, երբ ավագանու անդամի թեկնածու էր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած եկամտի հայտարարագրում նշել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ից ստացել է 2,8 միլիոն դրամ աշխատավարձ։

Արտակ Հարությունյան
- Անժարժ գույք․Այգետնակ ամառանոց Մարմարաշենում, ձեռք է բերել 2021-ին։ 2 հողամաս Մարմարաշենում, ձեռք է բերել 2018 և 2020 թվականներին։ 2 բնակարան Գյումրիում, ձեռք է բերել է 2017-ին և 2012-ին։
- Շարժական գույք․FORD բեռնատար և HONDA մարդատար մեքենաներ, ձեռք է բերել 2024-ին։
- Կանխիկ միջոցները համեստ են՝ 10 հազար դրամ։
- Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Հարությունյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 200 հազար դրամ:
- Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը կազմում է՝ 20 հազար դրամ։

Լուսինե Անանյան
- Աշխատանքի վարձատրություն․ 117 հազար դրամ
- Վարկ․ 277 հազար դրամ

Կարինե Լալազարյան
- Անշա գույք․1 հողամաս Գյումրիում, ձեռք է բերել 2014-ին:
- Կանխիկ դրամ. 230 հազար դրամ:

Սամսոն Էլբակյան
- Անշարժ գույք․ 1 անհատական բնակելի տուն, ձեռք է բերել 2021-ին։
- Շարժական գույք․ OPEL KOMBO մակնիշի բեռնատար։
- Կանխիկ․ 200 հազար դրամ։
- Եկամուտներ․ «ԻԳԻԹ» ՍՊԸ-ից ստացել է 1․1 մլն դրամ։

Սիրանուշ Մելիքյան
- Անշարժ գույք․Գյումրիում 1 բնակարանի համասեփականատեր է:
- Եկամուտ․2025-ին հայտարարագրել է Գյումրու համայնքապետարանից ստացած 150 հազար դրամը, որից 50 հազարը՝ բնամթերային։
- Տարեկան հայտարարագրով՝ համայնքապետարանից ստացել է 1,4 մլն դրամ։
- Կանխիկ գումար․ 250 հազար դրամ:
- Որպես ավագանու թեկնածու․ԿԸՀ-ում հայտարարագրել է 1,4 մլն դրամի ոսկյա զարդեր:

Նազիկ Ղարիբյանն ու Խոսրով Մելիքյանը նոր են մանդատները վերցրել, դեռ չեն ներկայացրել հայտարարագիրը:
Գյումրու ավագանու մյուս խմբակցությունների անդամների հայտարարագրերն՝ այստեղ:
