Գյումրու ավագանու անդամներ․Միլիոնատերեր, նվիրատվություններ, Tesla-ներ, կանխիկ խոշոր գումար ու համեստ բանկային հաշիվներ (Մաս 2) | Region

Գյումրու ավագանու անդամներ․Միլիոնատերեր, նվիրատվություններ, Tesla-ներ, կանխիկ խոշոր գումար ու համեստ բանկային հաշիվներ (Մաս 2)

Ապրիլ 15,2026 21:00

RegionsTV-ն ուսումնասիրել է Գյումրու ավագանու անդամների 2021-2025 թթ. գույքի և եկամուտների հայտարարագրերը։  Ավագանու որոշ անդամներ 2025-ին առաջին անգամ են ընտրվել, ուստի նրանց հայտարարագրերը  վերաբերում են միայն 2024 կամ 2025 թվականին։

Որոշների դեպքում ներկայացնում ենք  նաև նրանց՝որպես ավագանու անդամի թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրած հայտարարագրերը՝ եթե կան զգալի տարբերություններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ) ներկայացրած հայտարարագրերի հետ։

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցությունների անդամների հայտարարագրերն՝ այստեղ

 

 «Մեր քաղաքը»երևանյան բնակարաններ ու TESLA-ներ

 

Սվետլանա Ադամյան. Երևանյան բնակարան և եկամուտներ կրոնական համայնքից

  • Անշարժ գույք. Բնակարանի Երևանում (միանձնյա սեփականություն) և 2018-ին համատեղ սեփականությամբ ձեռք բերված տուն Գյումրիում։
  • Եկամուտներ. 2021-2022 թթ. «Ֆաբերլիք Զակավկազյե» ՍՊԸ-ից ստացել է համապատասխանաբար 7,2 մլն և 8,6 մլն դրամ, իսկ 2024-ին Ֆաբերլիքից ստացել է 230 հազար դրամ աշխատավարձ։ 2023-ին «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հայաստանյան կրոնական համայնքից» ստացել է 4,5 մլն դրամ։
  • Ֆինանսներ. 2024-ին բանկային հաշվի մնացորդը՝ 230.000 դրամ 2021-ին ունեցել է 300․000 դրամ, որը 2024-ին մարած է եղել։

Կարեն Գրիգորյան. Tesla-ներ ու կանխիկ դրամ

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Գյումրու ավագանու ընտրություններին «Մեր քաղաքը» դաշինքի ընտրացուցակը գլխավորող, հետո մանդատից հրաժարված Մարտուն Գրիգորյանի որդին է։

  • Անշարժ գույք. 2022-ին Երևանում ձեռք է բերել բնակարան և ավտոկայանատեղի, իսկ 2024-ին՝ հողամաս Գյումրիում:
  • Ավտոպարկ. Ունի տպավորիչ շարժական գույք՝ FORD, TOYOTA, OPEL և երկու TESLA (որոնցից մեկը՝ նվիրատվություն):
  • Բիզնես և ֆինանսներ. Հանդիսանում է ԱՁ-ի 100% բաժնետեր: «ՏՐԱՆՍ ԱԿՆԹԱՐԹ» ՍՊԸ-ի իր բաժնեմասը հանձնել է հավատարմագրային կառավարման Մարտուն Գրիգորյանին:
  • Կանխիկ միջոցներ․ 25 մլն դրամ:

Լիզա Գասպարյան. Կայուն 20 միլիոն դրամ կանխիկ

  • Անշարժ գույք 1 բնակարան Գյումրիում (ձեռքբերված 2018-ին), 1 անհատական տուն, ձեռք է բերել 2021-ին։
  • Շարժական գույք FORD մարդատար ավտոմեքենա, ձեռք է բերել 2022-ին,  2025-ին գնած BMW-ն վաճառել է, ապա ձեռք է բերել KIA ավտոմեքենա։
  • Աշխատավարձ․ՀՀ Ազգային ժողովից (2024-ին՝ 3,4 մլն դրամ):
  • Ֆինանսներ. Տարիներ շարունակ (2022-2024 թթ.) նրա կանխիկ դրամը մնում է անփոփոխ՝ 20 մլն դրամ: 2023-ին ուներ 2,9 մլն դրամի վարկ, սակայն 2025-ի հայտարարագրում այս վարկի մասին տվյալներ չկան, հավանաբար մարել է։

Վարդան Եդիգարյան. Մեքենաների փոփոխություն, կանխիկի նվազում

  • Անշարժ գույք. 2021-ին ձեռք է բերել հողին ամրակցված գույք և անհատական բնակելի տուն: Հանդիսանում է «Դուստր Ալիկա» ընկերության 100% սեփականատեր:
  • Մեքենաներ. FORD (գնել է 2022 թվականին), BMW, որը գնել է 2025-ին, ապա նույն տարում վաճառել է ու գնել KIA ավտոմեքենա:
  • Կանխիկ. 2025-ի սկզբին ունեցել է 9 մլն, որը տարվա վերջում նվազել է մինչև 70 հազար դրամի:

Արտակ Հովսեփյան ու Հովհաննես Գևորգյան

  • Արտակ Հովսեփյանը 2024-ին 80 հազար դոլարով գնել է առանձնատուն և LADA GRANTA մեքենա, նրա կանխիկ դրամը կազմել է 100 հազար դրամ։
  • Հովհաննես Գևորգյանը 2024-ին Գյումրիում ձեռք է բերել անավարտ կիսակառույց շինություն: Այլ անշարժ կամ շարժական գույքի ու եկամուտի մասին տվյալներ չկան։

 

«Իմ հզոր համայնք»երեք հոգանոց խմբակցության երկու անդամները մեծահարուստ են, կանխիկ միջոցները տպավորիչ են 

 

Վահե Կիրակոսյան. Գույք Արաբական Էմիրություններում և խոշոր ավանդներ

Անշարժ գույք. Բացի Գյումրիի բնակարանից և Կոտայքի առանձնատնից, ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է բնակարան Արաբական Միացյալ Էմիրություններում:

  • Ֆինանսական միջոցներ. բանկային ավանդները՝ 151 մլն դրամ, 219 հազար  դոլար և 15 հազար եվրո:
  • Կանխիկ միջոցներ. 210 հազար դոլար, 36 հազար եվրո և 55 մլն դրամ:
  • Բանկային հաշիվների մնացորդներ 15,583 դոլար, 20,260 եվրո, 3,280,000 դրամ
  • Հանդիսանում է «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը։
  • Շարժական գույք 2023-ին ձեռք է բերել TOYOTA մակնիշի մարդատար ավտոմեքենա։

Ռուբեն Մխիթարյան. Միլիոնատեր սեփականատեր

  • Անշարժ գույք. 2022-ին տուն է գնել Կոտայքի մարզում: Ունի LAND ROVER մակնիշի մեքենա:
  • Ֆինանսներ. Բանկային ավանդները կազմում են 158 մլն դրամ: Կանխիկ միջոցները՝ 70 հազար դոլար և 55 մլն դրամ: Բանկային հաշիվների մնացորները՝ 656 դոլար և 41 մլն դրամ
  • Եկամուտներ. Իր սեփականություն հանդիսացող «ՎԱՌՈՒՎԻ» ՍՊԸ-ից ստացել է 31 մլն դրամ շահույթ: Ուշագրավ է «Google» ընկերությունից ստացված 4200 դրամ եկամուտը:

Սուսաննա Մոսոյան. Նոր բնակարան Առինջում

  • Գույք. 2024-ին բնակարան է ձեռք բերել Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Ունի նվիրատվություն ստացած OPEL (2018թ.):
  • Ֆինանսներ. Բանկային հաշվին ունի 17,3 մլն դրամ:
  • Պարտավորություններ. Ունի խոշոր վարկային բեռ՝ 20,4 մլն դրամ:
  • Եկամուտ1․2 մլն դրամ է ստացել «Թումո»-ից, Տոնոյան Լյուդվիգից՝ 120 հազար դրամ, «Հայաստանի ամերիկյան համալսարան»-ից՝ 49 հազար դրամ։

«Մայր Հայաստան». միլիոնատեր գործարարի ու վարկառուի խմբակցություն

 

Կարեն Սիմոնյան. Խոշոր չափի կանխիկ գումար ու բիզնես

  • Անշարժ գույք. Գյումրիում տիրապետում է արտադրական նշանակության զգալի տարածքների՝ երեք արտադրամաս, պահեստ և կաթսայատուն։
  • Շարժական գույքBMW X5M ամենագնաց։
  • Կանխիկ. Սիմոնյանը հայտարարագրել է ահռելի չափի կանխիկ միջոցներ՝ 150,000,000 դրամ, 15,000 դոլար, 8,000 եվրո և շուրջ 1 միլիոն ռուբլի։ Հետաքրքրական է, որ այսքան կանխիկի ֆոնին բանկային հաշիվներին առկա է ընդամենը 1 միլիոն դրամ։
  • Բիզնես. Ավագանու անդամը տնօրինում է «Էկոնովա» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը և «Կումայրի գրուպ» ՍՊԸ-ի 50%-ը, որտեղից ստացել է 6.1 մլն դրամ շահաբաժին։
  • «Անհետացած» բաժնեմաս. Եթե ԿԸՀ ներկայացրած փաստաթղթում Սիմոնյանը նշել է «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ում իր 100% բաժնեմասի մասին, ապա ԿԿՀ ներկայացրած տարեկան հայտարարագրում այդ բաժնեմասը «Մասնակցություն առևտրային կազմակերպություններում» բաժնում բացակայում է, թեև նա այնտեղից 2,4 մլն դրամ եկամուտ է ստացել։ ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման մասին էլ նշում չկա։

Աննա Մուրադյան. 5 միլիոնի վարկը

  • Վարկ. Մուրադյանի հայտարարագրում նշված է 5,376,485 դրամի վարկ։ Սա զգալի բեռ է տարեկան նման համեստ եկամուտ ունեցող անձի համար։
  • Ֆինանսներ. 2 մլն դրամ և 1000 դոլար կանխիկ գումար։
  • Գույք. Ունի բաժնային սեփականությամբ բնակելի տուն և 2019 թվականին ձեռք բերված Toyota Camry մակնիշի մեքենա։

Աննա Մուրադյանը հաշվետու տարում հայտարարագրել է 138,880 դրամ կենսաթոշակ, որը ստացել է Միասնական սոցիալական ծառայությունից։

Տիրուն Մարգարյան

Նորություններ