ԵԼ․ Հայտնի են 2025/26 մրցաշրջանի կիսաեզրափակիչի բոլոր զույգերը
Ապրիլի 16-ին կայացան ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2025/2026 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում ձևավորվեցին մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը։
Եվրոպական մեծությամբ երկրորդ ակումբային մրցաշարում պայքարը կշարունակեն պորտուգալական «Բրագան», գերմանական «Ֆրայբուրգը», ինչպես նաև անգլիական «Ասթոն Վիլան» ու «Նոթինգհեմ Ֆորեսթը»։
Քառորդ եզրափակիչի արդյունքները

«Սելտա» (Իսպանիա) — «Ֆրայբուրգ» (Գերմանիա)՝ 1:3 [Տեսանյութ]
Առաջին հանդիպումը՝ 0:3։ Գերմանական ակումբը երկրորդ խաղում ևս վստահ հաղթանակ տարավ։ Հյուրերի կազմում աչքի ընկան Իգոր Մատանովիչը (33′) և Յուիտո Սուձուկին, ով դուբլ ձևակերպեց (39′, 51′)։ Իսպանացիների հեղինակության գնդակը խաղավարտին խփեց Ուիլոթ Սվեդբերգը (90+1′)։

«Բետիս» (Իսպանիա) — «Բրագա» (Պորտուգալիա)՝ 2:4 [Տեսանյութ]
Առաջին հանդիպումը՝ 1:1։ Գոլառատ և դրամատիկ խաղում պորտուգալական թիմը կամային հաղթանակ տարավ։ «Բետիսը» 26-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով (գոլերը՝ Անտոնի, Աբդե Էզալզուլի), սակայն «Բրագան» կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Աչքի ընկան Պաու Վիկտորը (38′), Վիտոր Կարվալյոն (49′), Ռիկարդու Օրտան (53′, 11-մ) և Ժան-Բատիստ Գորբին (74′)։

«Նոթինգհեմ Ֆորեսթ» (Անգլիա) — «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:0 [Տեսանյութ]
Առաջին հանդիպումը՝ 1:1։ Անգլիացիները տնային մարզադաշտում նվազագույն հաշվով հաղթանակ կորզեցին։ Խաղի ելքը վճռվեց մեկնարկում. 8-րդ րոպեին հյուրերի պաշտպան Յան Բեդնարեկը հեռացվեց դաշտից, իսկ 12-րդ րոպեին Մորգան Գիբս-Ուայթը խփեց հանդիպման միակ գոլը։

«Ասթոն Վիլա» (Անգլիա) — «Բոլոնիա» (Իտալիա)՝ 4:0 [Տեսանյութ]
Առաջին հանդիպումը՝ 3:1։ Բիրմինգհեմցիները սեփական հարկի տակ ջախջախեցին իտալական ակումբին։ Տանտերերի կազմում աչքի ընկան Օլի Ուոթքինսը (16′), Էմիլիանո Բուենդիան (26′), Մորգան Ռոջերսը (39′) և Էզրի Կոնսան (89′)։ Նշենք, որ 25-րդ րոպեին Ռոջերսը նաև վրիպել էր 11-մետրանոց նշանակետից։
Կիսաեզրափակիչի զույգերն ու ժամանակացույցը
Այսպիսով, Եվրոպայի լիգայի եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն հետևյալ զույգերը.
- «Բրագա» (Պորտուգալիա) — «Ֆրայբուրգ» (Գերմանիա)
- «Նոթինգհեմ Ֆորեսթ» (Անգլիա) — «Ասթոն Վիլա» (Անգլիա)
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան հինգշաբթի՝ ապրիլի 30-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց՝ մայիսի 7-ին։
Մրցաշարի հաղթողի անունը հայտնի կդառնա եզրափակիչ խաղում, որը նախատեսված է մայիսի 20-ին։
