Փաշինյան․«Դեպք է եղել, երբ զինծառայողը զենքը հանձնելու ժամանակ հենց տեսախցիկի և ուրիշների աչքի առաջ ինքնասպանություն է գործել»
Այս տարի բանակում խաղաղ պայմաններում զինծառայողի մահվան 5-րդ դեպքն է գրանցվել, ձախողումը, որ նման դեպքեր են տեղի ունենում, արդյոք հնարավո՞ր է տեսահսկման համակարգեր տեղադրել ինքսապանություններն ու բռնությունը բանակում կանխելու նպատակով։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտենց, որ նման դեպքերը կապված են կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից։
«Ես մի մի քանի անգամ նշված դեպքերից հետո աշխատանքային խոսակցություն եմ ունեցել ԿԳՄՍ նախարարի հետ, ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը։ Երբ ես դեպքերի մեջ փորձում եմ խորանալ, ես ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պատճառահետևանքային կապերը չեմ տեսել, որովհետև կարող է վիճակագրությունը այս մասին չխոսի։ Ասաց, որ Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական է տվել՝ դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը, այնքան դեպքեր, որոնք իրենք կարող են արդեն որպես տվյալ մշակելու հնարավորություն ստեղծել, և տեսնել, թե արդյոք կա՞ն ինչ-որ կրկնվող հատկանիշներ։
«Ենթադրենք X թվով ինքնասպանություն ունենք. Կա՞ ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած մեր սիրելի զինվորների կյանքում նույնն է։ Եթե մենք ինֆորմացիան ամբողջությամբ վերբեռնենք, արհեստական բանականությունը կարող է ասի՝ տվյալ մարդիկ ունեն հետևյալ ընդհանրությունները։ Վերջին դեպքը, ինչքան ինձ զեկուցել են, գրել է, որ զորամասում խնդիր չկա, երկու օր առաջ թույլտվություն է վերցրել և այցելել է հարազատի գերեզմանին, որն ըստ մեր տվյալների, նույնպես ինքնասպանություն է գործել ու եկել, նամակ է գրել, ծնղներից ներողություն խնդրել ու այդ արարքը գործել։ Պետք է հասկանալ։ Ես կարծում եմ, որ հոգեբանական դիմակայության խնդիր է»,-ասաց Փաշինյանը։
Նա պնդեց՝ տարածքը տեսահսկվում է․«Բայց այդ գործողությունը վայրկյաններ է տևում։ Դեպքեր ենք ունեցել, որ դա տեսախցիկի առաջ է տեղի ունեցել։ Վերջերս ինձ զեկուցել են, որ զինծառայողը զենքը հանձնելու ժամանակ հենց տեսախցիկի և ուրիշների աչքի առաջ ինքնասպանություն է գործել»,-ասաց Փաշինյանը։
