Ապատեղեկատվություն․ պարզապես խնդի՞ր, թե՞ ազգային անվտանգության հարց | Region

Ապատեղեկատվություն․ պարզապես խնդի՞ր, թե՞ ազգային անվտանգության հարց

Ապրիլ 22,2026 18:00

Կեղծ ու մոլորեցնող տեղեկատվությունը իրական սպառնալիք է ամբողջ հասարակության համար։ Ճգնաժամային իրավիճակներում կեղծ լուրերը կարող են խուճապ առաջացնել, ապակայունացնել իրավիճակը, վնասել պետական անվտանգությանը։ Սահմանային և հեռավոր համայնքների բնակիչներն առավել խոցելի են և հաճախ են դառնում կեղծ ու մոլորեցնող տեղեկատվության թիրախ։

Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչները Regions TV-ի հետ զրույցում պատասխանել են հետևյալ կարևոր հարցադրումներին․ ի՞նչ նպատակ են հետապնդում կեղծ լուրերի հեղինակները, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ ապատեղեկատվությունը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ։

Ըստ հարցման մասնակիցների՝ ֆեյք լուրեր տարածողները նախապես ուսումնասիրում են տեղանքին բնորոշ խնդիրներն ու մարդկանց մտահոգությունները, ապա նպատակային կերպով կեղծ տեղեկատվություն տարածում՝ ազդելով հանրային տրամադրությունների վրա։ Կոնկրետ սահմանամերձ Անի համայնքի բնակիչներին առավել շատ անհանգստացնում է անվտանգությանը վերաբերող ապատեղեկատվությունը։ Հետևաբար, սահմանին մոտ ապրելը նշանակում է ապրել նաև այդ լուրերի ճնշման ներքո։

Իրավիճակն ավելի է սրվում հատկապես նախընտրական ժամանակահատվածներում։ Կեղծ լուրերը վերածվում են նպատակային գործիքի՝ ազդելու ընտրողների վրա, մանիպուլացնելու հանրային տրամադրությունները։ ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթացի ակտիվացման շրջանում դիտարկում ենք մանիպուլյատիվ և ապատեղեկատվական հոսքեր,-ընդգծում է մեդիափորձագետ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը։

Փորձագետների կարծիքով՝ տեղեկատվական անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից են մեդիա գրագիտության զարգացումն ու պետական և ինստիտուցիոնալ մակարդակներում հստակ, համակարգված աշխատանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ