Ըմբշամարտի ԵԱ․ Գասպար Տերտերյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական մեդալն է նվաճում. 72 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Գասպար Տերտերյանը։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Ալիակսանդր Լիավոնչիկն էր։ Լարված դիմակայությունն ավարտվեց 1։1 հաշվով, սակայն վերջին միավորը վաստակելու առավելությունը տրվեց Տերտերյանին, ինչն էլ նրան հաղթանակ և Եվրոպայի առաջնության բրոնզե պարգև բերեց։
Հայ մարզիկը մրցաշարում իր ելույթները սկսել էր որակավորման փուլից՝ 6։0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով Շվեդիան ներկայացնող Հենրի Դահլենի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Տերտերյանը կարողացավ շրջանցել Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուսլան Նուրուլաևին։ Կիսաեզրափակիչում, սակայն, մեր ըմբիշը 1։6 հաշվով զիջեց Ֆրանսիայի դրոշի տակ հանդես եկող Իբրահիմ Ղանեմին՝ պայքարը շարունակելով միայն երրորդ տեղի համար։
Հավելենք, որ Տիրանայում ընթացող ստուգատեսում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին արդեն իսկ տպավորիչ արդյունքներ է գրանցել։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, Սուրեն Աղաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Կարեն Ասլանյանն ու Սլավիկ Գալստյանն ազգային թիմի ակտիվը համալրել էին բրոնզե մեդալներով։
