Փաշինյանը մեղադրեց Գյումրու իշխանություններին՝ փոխանակ կառավարության տված ֆինանսավորումը ճիշտ նպատակների համար օգտագործեն, եսիմ ինչի համար են օգտագործել | Region

Փաշինյանը մեղադրեց Գյումրու իշխանություններին՝ փոխանակ կառավարության տված ֆինանսավորումը ճիշտ նպատակների համար օգտագործեն, եսիմ ինչի համար են օգտագործել

Ապրիլ 23,2026 15:10

«Երեկ ես Գյումրիում էի, Գյումրիից դուրս էի գալիս, գնում դեպի Քեթի գյուղ։ Անի թաղամասում ճանապարհներն ավերակ վիճակում են։ Հենց Գյումրի քաղաքի վարչական սահմանից դուրս ես գալիս, ճանապարհները փայլուն վիճակում են։ Սա խոսում է այն մասին, որ երբ լինում է քաղաքային իշխանություն, որը գործում է ոչ թե ի հեճուկս քաղաքի, այլ քաղաքի շահերով են գործում․․․ բա էդ քաղաքային իշխանություններն ինչո՞ւ սուբվենցիոն ծրագրերից չեն օգտվել, միլիարդներ ենք մենք ծախսել։ 2018 թվականից Գյումրիում եղել է քաղաքային իշխանություն, որը ուղղակի կամ անուղղակի, բացահայտ, թե տակից, գործել է ի հեճուկս կառավարության, և դրա արդյունքը մենք հիմա տեսնում ենք»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ նույնը Երևանում է․« Ցավոք․ 2018 թվականի ընտրությունների հետո  մեր կուսակցության ներքո ձևավորված իշխանությունն ու քաղաքապետն ուղղակի, թե անուղղակի, հազար ձևերով, իրենց օրակարգերով, և այլն․․․ այսօր տեսնում ենք հետևանքը»։

Լրագրողը հետաքրքրվել էր,  թե ինչ է նախատեսում անել կառավարությունը Երևանում մեծ խցանումների խնդիրը լուծելու ուղղությամբ։ Փաշինյանը վստահեցրեց, որ ջանք են այսօր գործադրում, որպեսզի խցանումների խնդիրը լուծեն, այդ թվում՝ ճանապարհների։

«Հասկանալով, որ Գյումրիի հարցն էլ չի լուծվելու, մենք հիմա մեծ ծրագիր ենք անում՝ Անի և Ավստրիական թաղամասերի բոլոր փողոցները ասֆալտապատելու,  նախագծման պրոցեսն արդեն սկսված է, շուտով կավարտվի։ Ես որևէ այլ բնակավայրում այդ ծավալի խնդիր չեմ տեսել։ Կան բնակավայրեր, որոնց ղեկավարներն ընդդիմադիր են, բայց նորմալ աշխատում են, սուբվենցիոն ծրագրեր են ներկայացնում։ Մենք մեծ սուբվենցիոն ծրագրեր ենք անում, բայց չեմ հասկանում, այդ մարդիկ (նկատի ունի Գյումրու իշխանություններին), հատուկ փակում են ճանապարհները, որ մեղքը գցեն կառավարությա՞ն վրա։ Համայնքի փողոցների պատասխանատուն համայնքն է։ Նախկին կամ չգործող քաղաքապետերերը, որ տենց տարբեր բաներ են խոսում, բա դրա պատասխանն ո՞վ է տալու»։

Ըստ Փաշինյանի՝ դա հետևանքն է նրա, որ Երևանի նախկին քաղաքապետը `Հայկ Մարության ու Գյումրի ղեկավարը՝ Վարդան Ղուկասյանը, գործել են բացահայտ կամ ոչ բացահայտ, կառավարության դեմ․«Փոխանակ կառավարության ծրագրերից օգտվեն, ու կառավարության տված ֆինանսավորումը ճիշտ նպատակների համար օգտագործեն, եսիմ ինչի համար են օգտագործել։ Մենք Երևանով էլ, Գյումրիով էլ պիտի շատ լուրջ զբաղվենք։ Մարդիկ հո մեղավոր չեն, որ ինչ որ մեկը գալիս է հեղափոխութան ներքո ընտրվում է,  հետո ուրիշ օրակարգեր առաջ տանում, մյուսներն էլ գալիս են համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են, իրենց պատկերացնում են չգիտեմ ինչ, փոխանակ համայնքի խնդիրները լուծեն։  Մի հատ էլ մեր կառուցած շատրվանները միացնում են «դոլյա վոռովսկայա» երգը․․․ հիմա հույս ունեմ երգում է «դոլյա վոռովսկայա»-ն աավոտից իրիկուն»։

Նորություններ