Այդ հարցից ինձ նվաստացած եմ զգում․Աննա Հակոբյանը պարզաբանում է իր անվան ու «Իմ քայլ»-ի հետ կապված հարցերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը համարում է, որ իրավունքները խախտվել են, ուստի «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ պատրաստում են երկու հայց՝ քրեական և վարչական։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Աննա Հակոբյանը։
Օրերս «Անկախ դիտորդ» դաշինքը, որի մեջ է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, հայտարարել էր, որ դիմում է դատարան Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Ըստ դաշինքի՝ «վարչական դատարան ներկայացված դիմումի հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Ֆորմալ առումով «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները կարող են Քրեական օրենսգրքի 232 հոդվածի (Բարեգործության արգելք) սուբյեկտ լինել այն դեպքում, երբ հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ինչի մասին Անկախ դիտորդը տեղյակ չէ, սակայն միանշանակ է, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․16 հոդվածը սահմանում է, որ ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում այն կազմակերպությունների կողմից, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ կուսակցությունների կողմից ղեկավարվող կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այն կազմակերպությունների կողմից, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը տվյալ ընտրություններում առաջադրվել է (են) որպես թեկնածու, բարեգործություն կատարելն այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ՝ առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։
Հանրահայտ փաստ է, որ Իմ քայլը հիմնադրամի անվանումն ասոցացվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ և ըստ այդմ Հիմնադրամի կողմից ընտրությունների նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան»։
Այս առնչությամբ Աննա Հակոբյանն այսօր հայտարարեց․«Մամուլի հրապարակումներից և «Անկախ դիտորդ» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Անկախ դիտորդ»-ը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել և ուղարկել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող այս փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Իրենք քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարը ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ։ «Իմ քայլը» ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և ինչպես նշված է «Ազատության» հոդվածում, եթե վարչական դատարանում ապացուցվեն «Իմ քայլը» հիմնադրամի խախտումները, ինձ սպառնում է տուգանք՝ մինչև 6 միլիոն դրամի չափով։ Ես այժմ հայտարարում եմ, որ սույնով խախտվել են իմ՝ Սահմանադրությամբ մի շարք օրենքներով և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։ Մասնավորապես, սահմանադրության հոդված համար 7-ը՝ ընտրական իրավունքի սկզբունքները, սահմանում են. «Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ, իմ հանդեպ խախտվել է սահմանադրության այս հոդվածը»:
Նա հավելեց, որ դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով է։
Լրագրողի հարցին՝ վստա՞հ եք, որ ՀՀ որևէ քաղաքացու եթե հարցնեն, չեն ասի, որ «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվում է վարչապետի ու նրա տիկնոջ հետ,պատասխանեց՝ ինքներդ ճշտեք՝ մարդկանց մոտ ասոցացվում եմ, թե ոչ, Դանիել Իոաննիսյանի մոտ ասոցացվում եմ։
Սոցիալական ցանցում ՔՊ-ի համակիրները, աջակիցների խումբն իր էջով տարածել են «Իմ քայլը» հիմնադրամի մի միջոցառման եթերը, արդյոք սա ասոցիացիա չէ ՔՊ-ի հետ, Հակոբյանն այս հարցի առնչությամբ էլ ասաց՝ երբ գնաք հարցում անեք, և ասոցացումը փաստ դառնա, պարզվի, որ բոլորն ասոցացնում են, դրանից հետո պետք է բերեք օրենքի այն կետը, որն արգելում է ասոցացվող անձի կամ հիմնադրամի գործունեությունը․«Օրենքի նման դրույթ չկա»։
Մյուս հարցին՝ չե՞ք կարծում, որ խախտվել է նաև ընտրական օրենսգիրքը, որն ընտրական գործընթացի փուլում արգելում կամ սահմանափակում է բարեգործությունը, Հակոբյանը պատասխանեց՝ օրինակ Լենա Նազարյանը հիմնարդրամի հիմնադիրներից է, որը չի մասնակցում ընտրություններին, թեկնածու չէ։ Լրագրողի դիտարկմանը՝ Լենա Նազարյանի ամուսինը ՔՊ նախընտրական ցուցակում է, ձեր ամուսինը ՔՊ առաջնորդն է, եթե ձեզանից մարդիկ բարեգործություն ստանան, ինչ են մտածելու՝ սա արվում է ո՞ր ուժի համար, Հակոբյանը պատասխանեց՝ այս հարցով խախտվում է իմ սահմանադրական իրավունքը՝ ազատ ընտրության և ազատ կամարտահայտության:
Այս գործարարները, որոնք նվիրատվություն են անում հիմնադրամին, հայտնվում են արտոնյալ կարգավիճակում, կա նման տեսակետ, շատերի բիզնեսը կապում են Աննա Հակոբյանի հետ։ Այս առնչությամբ էլ Հակոբյանն ասաց՝ դա սուտ է․«Դրանք իրականությանը չհամապատասխանող կարծիքներ են, որոնք արդեն մի քանի տարի է՝ թևածում են»։
Լրագրողի դիտարկմանը՝ գործարարներն առաջ «Սաշիկին էին մուծվում, հիմա՝ Աննային, ասում են՝ Աննա Հակոբյանը մերօրյա Սաշիկն է դարձել», Հակոբյանն ասաց․«Իմ ներկայությամբ այդ հարցը հնչեցնելն ուղղակի ոտնահարում է իմ արժանապատվությունը, ես ինձ նվաստացած եմ զգում»։
