Գործադիրը հավանություն տվեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին։ Նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում որպես չզեկուցվող։
Ըստ նախագծի՝ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 22-ին: Կանոնադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 16-ին, իսկ հետևյալ պետությունների կողմից՝ 2026թ. հունվարի 22-ին՝Արգենտինայի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բահրեյնի Թագավորություն, Հունգարիա, Ինդոնեզիայի Հանրապետություն, Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, Ղազախստանի Հանրապետություն, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկոյի Թագավորություն, Պակիստանի Իսլամական Հանրապետություն, Պարագվայի Հանրապետություն, Կատարի Պետություն, Սաուդյան Արաբիայի Թագավարություն, Թուրքիայի Հանրապետություն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստանի Հանրապետություն:
Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում: Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման այդ գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը և տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն և Կանոնադրությամբ սահմանված կարգով:
Խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։
Կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարանին՝ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։ Սահմանադրական դատարանը եթե որոշի, որ այն չի հակասում ՀՀ Սահմադրությանը, ապա օրենսդրական նախաձեռնությունը կ ներկայացվի Ազգային ժողովին:
