Եվրամիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային
Հայաստանում առաջիկայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի նախաշեմին` Հայաստանի շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը:
Ստորև ներկայացվում է նամակն ամբողջությամբ.
Բաց նամակ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային
Հարգելի տիկին ֆոն դեր Լայեն,
Հարգելի պարոն Կոշտա,
Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը: Այս միջոցառումների շրջանակում ձեր առաջիկա այցը մեր երկիր ողջունելի է: Վստահ ենք, որ այս միջոցառումներն ավելի կամրապնդեն Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները և իսկապես կնպաստեն Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացին:
Այս նամակով մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, ձեր ուշադրությունն ենք հրավիրում կարևոր մարդասիրական խնդրի՝ Բաքվում դեռևս պահվող հայ գերիների ազատ արձակման վրա:
Չնայած հայ գերիներին անհապաղ ու անվերապահ ազատ արձակելու մասին միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ 2025թ. մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում արտացոլված պահանջին, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել 19 հայ գերիների և տառապանքներ պատճառել նրանց ընտանիքներին:
Դուք այսօր ղեկավարում եք մի կառույց, որի համար մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական հարցերն անկյունաքարային նշանակություն ունեն: Ու հենց այս կարևոր արժեքների պահպանումը, իրավունքների նկատմամբ հարգանքն է այն հիմքը, որը թույլ է տալիս կայուն խաղաղություն հաստատել: Մենք գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված Եվրամիության ջանքերը և ակնկալում ենք ձեր ակտիվ աջակցությունը հայ գերիների անհապաղ վերադարձը հնարավոր դարձնելու հարցում:
Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար, և վստահության կառուցման կարևորագույն միջոց է: Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն: Արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում կայացվել են դատավճիռներ, որոնք մինչ օրս անգամ չեն տրամադրվել կալանավորվածներին և նրանց անկախ փաստաբաններին, ինչը փաստացի խոչընդոտում է նրանց իրավունքը՝ դիմելու միջազգային ատյաններին։
Իսկ Ադրբեջանի կառավարության պահանջով երկրում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեության դադարեցումը հայ գերիներին զրկել է միջազգային մարդասիրական որևէ մեխանիզմից: Մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, համոզված ենք, որ Եվրամիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում: Ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր:
Ուստի դիմում ենք ձեզ և եվրոպական բոլոր երկրների առաջնորդներին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Մենք խորապես հավատում ենք, որ Եվրոպական միությունը կարող է իրականում աջակցել այս հրատապ մարդասիրական խնդրի լուծմանը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքներին։
Ստորագրել են՝
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ
ԻՆԵԴՆԵԹ Տեղեկատվության և կրթության զարգացման ցանց
ՀԿ «Իրավունքի կենտրոն» ՀԿ
«Արագած հովիտ» ՏԱԽ)
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ
«Արդարության նոր մշակույթ» ՀԿ
«Լրագրողներ hանուն մարդու իրավունքների» ՀԿ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե «Արցախ միություն» ՀԿ
«ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» սոցիալական, երիտասարդական ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
«Արցախից Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետազոտական, փաստաբանական կենտրոն ՀԿ
