Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 50-րդ տեղից հայտնվելով 34-րդում
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցի համաձայն՝ Հայաստանը 50-րդ դիրքից հայտնվել է 34-րդ տեղում: Զեկույցում նշված է, որ չնայած Հայաստանի բազմազան մեդիա դաշտին, այն շարունակում է մնալ բևեռացված։
Զեկույցում նշված է նաև, որ «երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև Հայաստանի բարդ դիրքով»։
Միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն՝ Հայաստանում, լրագրությունը որպես մասնագիտություն, հաճախ արժեզրկվում է և ենթարկվում ատելության խոսքի, քաղաքական գործիչները լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» կամ իրենց հակառակորդների շահերը սպասարկելու մեջ․ «Լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների և բռնության են ենթարկվում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից՝ խորհրդարանում, փողոցում և սոցիալական մեդիայում»։
Ընդ որում, նշված է, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ:
Կազմակերպությունն անդրադարձել է նաև հարևան երկրներին, ըստ այդմ՝ Վրաստանը 114-րդ դիրքից հայտնվել է 135-րդ դիրքում: Ադրբեջանն ու Ռուսաստանը 180 երկրների շարքում վերջին տասնյակում են՝ բռնապետական ռեժիմների շարքում, որոնք են ըստ զեկույցի՝ Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Աֆղանստանը:
