2029թ.-ին ՀՀ-ում ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությունն անցկացնելու համար Իջևանում նոր ստադիոն կկառուցվի, ակնկալվում է 100 հազարից ավելի երկրպագու | Region

2029թ.-ին ՀՀ-ում ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությունն անցկացնելու համար Իջևանում նոր ստադիոն կկառուցվի, ակնկալվում է 100 հազարից ավելի երկրպագու

Ապրիլ 30,2026 12:12

2029 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տեղի կունենա  ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությունը, ակնկալվում է, որ Հայաստանում այդ օրերին կլինի ավելի քան 100 հազար երկրպագու։  Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ ծրագրվում է, որ Երևանում տեղի կունենա մինչև 20 խաղ, Վանաձորում և Իջևանում միասին` մինչև 10 խաղ։

«Մեծածավալ իրադարձություն է տեղի ունենալու, որին պետք է պատշաճ պատրաստվել։ Հիմա գտնվում ենք Վանաձորի ստադիոնի վերակաուցման փուլում, այն պետք  է լինի ՈՒԵՖԱ-ի- 4-րդ կատեգորիայի ստադիոն, որը պետք է ընդունի մինչև 10-12 հազար հանդիսատեսի։ Նախորդ տարի որոշում ենք կայացրել նաև Իջևանում նոր ստադիոն կառուցել, որը նույնպես կլինի ՈՒԵՖԱ-ի 4-րդ դասին համապատասխան։ Ունենք ստադիոնի կառուցման առաջարկ, որը առաջիկայում կներկայացնենք կառավարությանը»,-ասաց նախարարը։

Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, որ կան ընկերություններ, որոնք ոչ միայն պարտավորվում են, որ կարճ ժամանակում որոշակի նախագծով կկաուցեն ստադիոն, այլև իրենք նման փորձ ունեն։ Նա նաև նշեց, որ ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությանը կառավարությունը պատրաստվում է, բայց նաև մասնավոր հատվածը պետք է պատրաստվի՝ զբոսաշրջային, հյուրանոցային, հանրային սննդի ծառայությունները․«Որովհետև էդքան մարդ մտնի Իջևան, կարող ա սնունդը վերջանա»։

Նշեց, որ Վանաձորի ստադիոնի շրջակայքում պետք է աշխատանքներ կատարվեն, քանի որ այնտեղ  ստադիոնին մոտեցող ճանապարհները բավականին նեղ են, շենքերի արանքով են։

Կանադայի Վանկուվեր քաղաքում ՖԻՖԱ-ի գործկոմի նիստում Հայաստանն ու Վրաստանը հաղթող են ճանաչվել ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությունը 2029-ին անցկացնելու համատեղ հայտը։

ՀՖՖ–ն այս առնչությամբ հայտարարել էր, որ մեր երկիրն առաջին անգամ կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար։

Նորություններ