Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, ռազմավարական առումով՝ հաստատվեն բարիդրացիական հարաբերություններ․Փաշինյան
Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ ՀՀ երեկվա այցին։
«Համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական՝ խաղաղության գործընթացի և ինստիցիոնալացման տրամաբանության մեջ։ Ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին։ Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով ուժեղանա, և պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, և երկարաժամկետում, ռազմավարական առումով՝ բարիդրացիական հարաբերություններ»,-ասաց Փաշինյանը։
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ եք նրա այցը գաղտնի պահել, հայ հանրությունն այդ այցի մասին նախ իմացել է ադրբեջանական լրատվամիջոցներին, Փաշինյանը պատասխանեց, որ գաղտնիության որոշակի կանոններ են պահվում հայտնի նկատառումներով, այդ թվում՝ անվտանգության․«Կարծում եմ, որ երբ մեր փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, նույն կանոնները պահվել են։ Տեղին չէ ասել, որ գաղտնի է պահվել»։
