««Վեոլա ջրին» պետք չէ դեմոնիզացնել․Փաշինյանը Բյուրեղավանի թունավորումների ու ջրի վատ կաավարման մասին | Region

««Վեոլա ջրին» պետք չէ դեմոնիզացնել․Փաշինյանը Բյուրեղավանի թունավորումների ու ջրի վատ կաավարման մասին

Ապրիլ 30,2026 14:25

««Վեոլա ջուր» ընկերությունը համաշխարհային գիգանտներից է ջրի կառավարման։ Հայաստանում այն խնդիրները, որ կան, դրանց ոչ բոլորի պատասխանատուն ու մեղավորն է «Վեոլա ջուր»-ը։  Շատ դեպքերում դրա պատճառը մեր մոտեցումների անհամապատասխանությունն է այն պայմանագրերին, որոնք ստորագրվել են»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք «Վեոլա ջուր» ընկերության նկատմամբ պատասխանատվության գործընթաց կսկսվի Բյուրեղավանում թունավորումների հետ կապված, ընդ որում, տեսչական մարմինը ընկերության խնդիրների մասին է բարձրաձայնել՝ ջրի կորուստ, ջրի վատ կառավարում և այլն։

Հիշեցնենք, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր, որ ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերից հետո խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ։ Ըստ կենտրոնի՝ կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
«Վեոլա ջուր»-ն էլ այս առնչությամբ հայտնել է, որ իրենց մոտ խնդիր չկա։

Փաշինյանը նաև հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահի ՀՀ այցին ընդառաջ կառավարությունը «Վեոլա ջրի» հետ, այդ թվում առաջիկա շրջանում, համագործակցության հույսեր ունի, նաև հույս ունեն, որ համագործակցության որակը կփոխվի․«Դրա համար պետք է քայլեր անել։ Կարծում եմ, որ «Վեոլա ջրին» պետք չէ դեմոնիզացնել։ Մեր ընթացակարգերում և ջրի նկատմամբ մեր մոտեցումներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք։ Մենք «Վեոլա ջրին» բերել դրել ենք հնամաշ, քայքայված ջրային համակարգի վրա։ Բայց պետք է հասկանանք՝ մենք ներդրումներ պե՞տք է անենք, ինչպե՞ս պետք է հետ գան այդ ներդրումները»։

Կոնկրետ դեպքի մասին էլ ասաց, որ եթե պետք լինի հետաքննել, կպարզեն մեղավորներին, անկախ նրանից, թե որ կազմակերպությունն է, պատասխանատվություն կլինի։

Փաշինյանը հորդորեց «Վեոլա ջրի» հետ  կապի օպերատոր «Օրանժ»-ի պատմությունը չդարձնել․««Օրանժ»-ը եկավ Հայաստան, ներդրումներ արեց, հետո ստեղը հասցրեցին, թողեց  գնաց՝ իր ներդրումային հետևանքներով»։

Նորություններ