Մենք Բաքվի հետ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարց չենք քննարկում, չենք քննարկում նաև Ղարաբաղի, Բաքվի հայերի վերադարձի հարց․Փաշինյան
Հայաստանն Ադրբեջանի հետ երբեք ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարց չի քննարկել և չի քննարկում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ Ադրբեջանի փոխվարչապետի ՀՀ այցն արդյոք կապված էր նաև ադրբեջանցիների վերադարձի հարցը քննարկելու հետ՝ ինչպես որ մամուլն էր գրում։
«Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի, Բաքվի հայերի վերադարձի հարց և մնացած տեղերի հայերի վերադարձի հարց, որովհետև ակնհայտերոն երկու ուղղությամբ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա և մեկը մյուսին կարող են թեժացնել»,-ասաց Փաշինյանը, հավելելով՝ քաղաքական օրակարգում երկու հարցերն էլ թեժ են պահում նույն ուժերը՝ սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո իրենց համար բավարար էֆեկտ չի ունենում, երկրորդն են էսկալացնում։
«Դա էժան ներքաղաքական շահարկում է։ Կան մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց չեն հասկանում՝ ինչի համար են խոսում ու ինչ նպատակադրմամբ»։
Մեկ այլ հարցին՝ արդյո՞ք իր հանդիպումների ընթացքում պարբերաբար երեխաներին հանդիպելը նրանց քարոզչության մեջ ներգրավել չի նշանակում, Փաշինյանը պատասխանեց․«Ես չեմ կարող որևէ երեխայի արգելել, որ եթե ուզում են գան ինձ տեսնելու՝ գան, տեսնեն»։ Նա նաև նշեց՝ այդուհանդերձ, բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցելու միջոցառումներին, դա սովորական, շարքային իրադարձություն չի, կան մարդիկ, որոնք ուզում են հաղորդակցվել այդ իրադարձության հետ։
Փաշինյանը վստահեցրեց, որ իր մասնակցությամբ որևէ միջոցառման, եթե որևէ պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման, այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու է․« Եթե որևէ պետական պաշտոնյա վարչական ռեսուրսին ենթարկվելով գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ, առավելևս երեխաների հետ կապված՝ եթե նման բան պարզվի»։
