Փաշինյանը ԵՄ գործընկերների հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների ու բանտարկյալների հարցը չի քննարկի | Region

Փաշինյանը ԵՄ գործընկերների հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների ու բանտարկյալների հարցը չի քննարկի

Ապրիլ 30,2026 16:11

Այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի պատրաստվում Ադրբեջանում պահվող հայ գերիների ու բանտարկյալների հարցը քննարկել ԵՄ գործընկերների հետ։ Նա վստահեցրեց, որ նախատեսվում է նման քննարկում անել Բաքվի հետ ուղիղ շփումներում։ Նաև ասաց, որ այս խնդիրը կառավարության ամենօրյա աշխատանքային օրակարգում է։

Երևանում մայիսի 3-5-ը կայանալու է եվրոպական երկրների ղեկավարների գագաթաժողով, որի շրջանակներում նախատեսվում է Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։

Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի նախաշեմին` Հայաստանի շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը: Ահա այս համատեքստում Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք հնարավոր է ԵՄ երկրների առաջնորդների հետ քննարկվի նաև Բաքվում պահվող հայերի հնարավոր վերադարձի հարցը։

«Ադրբեջանի հետ հարցերը քննարկում ենք երկկողմ ձևաչափով: Այո՛, ես այլ ձևաչափ այս պահին արդյունավետ չեմ համարում: Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս հարթակներով քննարկումները մեծ օգուտ չեն բերում և զգալի պոտենցիալ չունեն»,- ասաց վարչապետը, հավելելով, որ գերիների վերադարձի հարցում հսկայածավալ աշխատանք է իրականացվում։

Նա ասաց, որ կառավարությունը շարունակելու է երկկողմ ձևաչափը․«Բայց եթե այլ ձևաչափերում տեսնենք արդյունավետության հնարավորություն, չենք խուսափի նաև դրանցից»։

 

Նորություններ