Պաշտոնական․ Իրանի հավաքականը կմասնակցի ԱԱ-2026-ին և կխաղա ԱՄՆ-ի տարածքում
Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի Աշխարհի առաջնությանը և, ինչպես և նախատեսված էր, իր հանդիպումները կանցկացնի ԱՄՆ-ի տարածքում։ Այս մասին Վանկուվերում կայացած Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ պաշտոնապես հայտարարել է կառույցի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
«Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը։ Իհարկե, Իրանի հավաքականը կխաղա ԱՄՆ-ում։ Պատճառը շատ պարզ է՝ մենք պետք է միավորվենք, որպեսզի մարդիկ միասին լինեն, սա մեր պատասխանատվությունն է։ Ֆուտբոլը միավորում է աշխարհը»,- ասել է Ինֆանտինոն՝ դիմելով կոնգրեսի մասնակիցներին։
ԱԱ-2026-ի խմբային փուլում Իրանի ընտրանին պետք է մրցի Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի հավաքականների հետ։ Բոլոր հանդիպումները նախատեսված են ԱՄՆ-ի տարածքում։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման և դրանում ամերիկացիների ներգրավվածության ֆոնին Իրանի հավաքականը կարող է հրաժարվել մրցաշարին մասնակցելուց, եթե թիմին թույլ չտան խաղալ ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ Քննարկվում էր Իրանի մասնակցությամբ խաղերը Մեքսիկա տեղափոխելու հավանականությունը, սակայն այդ երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել էր, որ լոգիստիկ լուրջ խնդիրների պատճառով ՖԻՖԱ-ն չի գնա նման քայլի։ Այսպիսով, Ինֆանտինոն հաստատել է, որ Իրանի հավաքականը կժամանի ԱՄՆ՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը:
