Վայլդբերիսը և Օզոնը դադարեցրել են Հայաստանից վաճառքը․ էկոնոմիկայի նախարարը խնդիրը բարդում է ընդդիմադիր երկու ուժի վրա | Region

Վայլդբերիսը և Օզոնը դադարեցրել են Հայաստանից վաճառքը․ էկոնոմիկայի նախարարը խնդիրը բարդում է ընդդիմադիր երկու ուժի վրա

Մայիս 01,2026 20:23

Այսօր առավոտից համացանցում Wildberries ու Ozon-ում վաճառքով զբաղվողներն ահազնագում են, որ այս երկու մարքեթփլեյսներն երեկվանից անժամկետ դադարեցրել են Հայաստանից վաճառքները՝ առանց որևէ պատճառաբանության։

«Բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։ Սա նշանակում է, որ հայկական բիզնեսի համար փակվեց Հայաստանի պահեստից արտահանման կարևոր ալիք, և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։ Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար»,- գրել է օգտատերերից մեկը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել է այդ լուրերին, խնդիրը բարդելով ընդդիմադիրների վրա։

Պապոյանը սոցիալական ցանցում  գրել է․« Փաստ 1: Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ։

Փաստ 2: Խնդրից հատկապես ուրախացել ու հրճվում են այդ 2 ուժերին սատարող ռևանշիստները (տասնյակներով արդեն ինքնահրճվում են այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել)։

Փաստ 3: Այս հարցն էլ ենք լուծելու։ Դուք այս օրվան հասաք ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոս գրելով, մենք շուտով կլուծենք հարցը։

Փաստ 4։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում սուտ մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն»։

Վայլդբերիսից նշել են, որ իրավիճակը պայմանավորված է Ռուսաստանի տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ։

Ըստ Վայլդբերիսի պարզաբանման՝ ընկերությունը գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը․«Ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում»։

Ընկերությունը նաև նշում է, որ պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։

 

 

Նորություններ