«Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ։ Նիկոլին սատարելով՝ դուք կործանում եք Հայաստանը»․ ՀՀԿ-ն բողոքի ցույց է անում
Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ այսօր մայրաքաղաքում ընդդիմությունը բողոքի ցույցեր է իրականացնում։
ՀՀԿ-ն ևս ցույց էր կազմակերպել, կուսակցության փոխնագահ Արմեն Աշոտյանը գագաթնաժողովը համեմատեց Հայաստանի «թաղման» տեսարանի հետ․ «Հայաստանի աշխարհաքաղաքական մահվան արարն է»։ Ցույցի նպատակն է՝ գագաթաժողովի մասնակիցներին ներկայացնելու Հայաստանում ժողովրդավարական հետընթացը, քաղբանտարկյալների առկայությունը, եկեղեցու նկատմամբ իշխանության «հարձակումներն» ու ճնշումները, բարձրաձայնելու Արցախի հարցի եւ արցախցիների վերադարձի իրավունքի մասին, ինչպես նաև՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։
Այն փողոցները, որտեղով պետք է անցնեն գագաթնաժողովի մասնակիցները, փակ են, ուստի ցուցարարները չէին կարողանում առաջ շարժվել։
«Մենք կանգնելու ենք մայթերին, կենդանի շղթա կազմենք, որպեսզի բոլորը տեսնեն ներկա իրավիճակը, քաղբանտարկյալներին, եկեղեցու վրա ճնշումները, պաստառների վրա գրվածները։ Սա ոչ մի անվտանգային խնդիր չի առաջացնում»,-ասաց Աշոտյանը։
Նա դիմելով եվրոպական առաջնորդներին, հայտարարեց․«Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ։ Նիկոլին սատարելով՝ դուք կործանում եք Հայաստանը։ Միասին խոստանում եք մեզ տանել Բրյուսել, սակայն տանում եք Բաքու եւ Անկարա»։
Նա նաև նշեց՝ քանի որ ճանապարհները փակ են, իրենց կկանգնեն մայթերին, ցուցապաստառներով, որով ցույց կտան, իր խոսքով՝ «շղթայված Հայաստանի իրականությունը»։
Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի՝ 2017-ին ստորագրած Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր, որ Հայաստանը առաջնորդում էր դեպի Եվրոպա, իսկ այն, ինչ անում է Նիկոլը, եվրոպական քաղաքական արժեքների ոչնչացումն է․ «Որեւէ երկրում, հանուն ժողովրդավարության, չեն սահմանափակվել մարդկանց ժողովրդավարական իրավունքը»։
Ցույցի մասնակիցներին ոստիկանները թույլ չտվեցին մայթերով քայլերթ իրականացնել, թեև այդ ժամանակ մեքենաների համար եթեւեկությունը բացվել էր։
