«Դրա բարոյական իրավունքը չունեմ»․ Սամվել Կարապետյանը ՌԴ-ին չքննադատելու մասին | Region

«Դրա բարոյական իրավունքը չունեմ»․ Սամվել Կարապետյանը ՌԴ-ին չքննադատելու մասին

Մայիս 07,2026 16:40

Դուք հավակնում եք Հայաստաանի Հանրապետության վարչապետի պաշտոնին, հիմա խոսում եք անվտանգային խնդիրների մասին, առաջարկում եք ձեր տեսլականը, թե ինչպես պետք է զարգացնել Հայաստանը, բայց դուք նախկինում Հայաստանի համար կենսական նշանակության խնդիրների վեաբերյալ դիրքորոշում չեք հայտնել, մասնավորապես՝ երբ ՀՀ-ն 400 միլիոն դոլար տվեց ՌԴ-ին զենք ստանալու համար, ու չստացավ այդ զենքը, դուք դիրքորոշում չհայտնեցիք, թե ինչո՞ւ Ռուսաստանը զենքը չտվեց, դիրքորոշում չհայտնեցիք այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք, օկուպացրեց ինքնիշխան տարածքները, Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, ու արձագանք չստացավ, երբևէ դիրքորոշում չեք  հայտնել, որ ՌԴ-ն տարիներ շարունակ հարձակվողական զենքեր է վաճառել Ադրբեջանին, որոնցով սպանվել են հայեր, ինչո՞ւ, ո՞րն է եղել կաշկանդվատության պատճառը։ Այսպիսի հարցեր այսօր տվեց Factor.am-ի լրագրողը «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու, ՌԴ-ում բիզնես ծավալող Սամվել Կարապետյանին հրավիրված ասուլիսի ժամանակ։

Ի պատասխան Կարապետյանն ասաց․«Ես վստահ հայտարարում եմ՝ չկա աշխարհում հայ, որ ավելի շատ բան է արել Հայաստանի բանակի համար, չկա աշխարհում հայ, ես ի նկատի ունեմ ոչ պաշտոնատար անձանց, որ այդ օրերին որ ավելի շատ նպաստել է Ղարաբաղում պատերազմը կանգնի։ Սա ամենածանր հարցն է ինձ համար, քանի որ ես չեմ կարող փակագծեր բացել, այդ հարցը ուղղեք  Փաշինյանին, վերջին տարիների պաշտպանության նախարարներին, նույն 44-օրյա պատերազմի ժամանակվա պաշտպանության նախարարին, Արցախի ՝ հենց հետ վերադարձրինք, իշխանություններին, և դուք ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք իրենցից։ Ես չեմ կարող այդ հարցին բացված պատասխան տալ, դրա պատասխանը տվել Փաշինյանի շեֆը, երբ ինձ հայտարարել է միջազգային հետախուզում։ Միջազգային հետախուզում չեն հայտարարում մարդկանց, ովքր ոչինչ չեն արել այդ օրերին, նա միջազգային հետախուզում չհայտարարեց ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իր խմբակի գոնե մեկ անդամի, դրա  համար դիմեք իրենց կստանաք պատասխան և եթե չի բավարարի պատասխանը՝ նորից կհարցնեք»։

Լրագրողը պնդեց հարցը՝ ի՞նչ էիք անում այդ ժամանակ, ինչպե՞ս  էիք ձեր կապերը օգտագործում, որ հայերին չսպանելու համար ՌԴ-ն զենքեր չվաճառեր կամ Ռուսաստանում ո՞ւմ հետ եք խոսել, որ 400 մլն  դոլարը վերցրեցին և զենք չտվեցին, դուք օքե՞յ եք դրա հետ։
Սամվել Կարապետյանը պատասխաեց․«Ես օքեյ չեմ նրա հետ, որ Հայաստանը վերցրել և ղեկավարում է թույլ իշխանությունը, ես օքեյ չեմ, որ Հայաստանի իշխանությունը նույնիսկ զենք գնելու ձևը չգիտի։ Զենք երբ որ գնում ես, զենքը ստանում ես, հիմա դուք ի՞նչ եք ուզում, որ ես իրենց ձախողումներին բացատրությո՞ւն տամ»։

Արդյոք դուք կաշկանդվա՞ծ եք Ռուսատանի իշխանություններին  քննադատելու հարցում, լրագրողի այս հարցին ի պատասխան էլ Կարապետյանն ասաց․«Ես Ռուսատանի իշխանություններին անտեղի  քննադատելու հարցում ոչ թե կաշկանդված եմ, այլ դրա բարոյական իրավունքը չունեմ»։

Եթե ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարում, դա անտե՞ղի քննադատություն է, այս հարցին էլ Կարապետյանն այսպես պատասխանեց․«Եթե ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում ապա ինչ, քֆո՞ւր տամ ՀԱՊԿ-ին, որ զգաս ես կաշկանդված եմ, թե՝ չէ։ Ես հարցեր ունեմ ՀԱՊԿ-ին, հարցեր ունեմ բոլոր այդ պրոցեսներին, որոնք բերեցին մեր ազգի խայտառակությանը, բայց քանի որ ես իշխանություն չեմ եղել, ես չգիտեմ՝ ինչ պայմանավորվածությունների սահմանում է եղել։Միգուցե Փաշինյանը չի՞ էլ դիմել ՀԱՊԿ-ին, ես դնեմ ծավալվեմ, թե ՀԱՊԿ-ը ինչո՞ւ գործունեություն չի ծավալել։ Հենց մենք ունենանք իշխանություն, դուք էդ ժամանակ ձեր հարցերի պատասխանները կստանաք, բայց այսօր եղունգիս նայեմ՝ ով, ինչ է արել այդ պայմաններում, ես, որպես հայ, իմ պարտականությունները, իմ պարտքը հայ ազգին շատ ազնիվ ու ամենամեծ ձևով արել եմ, որի մասին չեմ կարող խոսել»։

Նույն լրագրողը մեկ այլ հարց էլ ուղղեց՝ իշխանությունները ձեզ քննադատում են այն բանի համար, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի հայտարարել եք «Հայ ձեռնարկատերերի ասոցացայի անունից կոչեմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհներով լուծելու տարբերակներ գտնել, նոր զոհերից այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում խուսափելու համար»։ Իշխանություններն ասում են, որ այս հայտարարությունը կարող էր անել օրինակ ԵԱՀԿ Մինկի խումբը, կամ  Դանիայի ԱԳՆ-ն, բայց ոչ հայը, դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս քննադատությանը։

Այս առնչությամբ էլ Կարապետյանն ասաց․«ես չգիտեմ, թե ով է այդ փորձագետը, որ նման հավասարության նշան է դրել։ Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ։ Դա անտեսեց Փաշինյանն իր մեծամտությամբ, և մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։ Մնացածը ես չեմ բացի փակագծեր, եթե ինքը հարմար գտնի, թող ինքը բացի»։

Մեկ այլ հարցի էլ՝ ինչո՞ւ եք պարբերաբար պնդում, որ 300 հազար ադրբեջանցիներ գալու են Հայաստան, իշխանությունը վստահեցնում է, որ նման չի կարող լինել, նույն իշխանությունն ասում է, որ ո՛չ արցախցիները կարող են վերադառնալ Արցախ, ո՛չ էլ ադրբեջանցիները կարող են «վերադառնալ» Հայաստան, Կարապետյանն այս առնչությամբ էլ ասաց՝ թող Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարի, որ ադրբեջանցիները չեն գալու Հայաստան, հայտարարի, որ Ադրբեջանը Հայաստանից ոչինչ չունի ստանալու․«Ես չեմ լսում նման հայտարարություն, դրա համար էլ նման վստահություն ունենք։ Ես չգիտեմ պայմանավորվածությունների մասին, չեմ ուզում սուտ խոսել, բայց նայելով այս ամենին՝ վստահ եմ, որ ադրբեջանցիները շատ լուրջ են տրամադրված և եթե մենք չկանգնեցնենք այդ պրոցեսը, կանցնեն տարիներին, գուցե ավելի շատ ադրբեջանցիներ կգան»։

Նորություններ