Հայ-ռուսական հարաբերություններում որոշ խնդիրներ կան, որոնք քննարկում ենք ռուս գործընկերների հետ․ՀՀ արտգործ փոխնախարար
Մայիս 09,2026 12:02
Հայ-ռուսական հարաբերություններում ներկա պահին որոշ հարցեր, խնդիրներ կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ, ես դա ճգնաժամ չէի անվանի։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ի հաղթանակի օրվա առիթով «Հաղթանակ» զբոսայգի այցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նա նշեց, որ բոլոր նման իրավիճակներում, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, երբ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ․«Մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ բոլոր հարցերը»։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Երևան այցի առնչությամբ Հայաստանին ներկայացված բողոքի հայտագրին, Սաֆարյանն ասաց. «Եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք: Դա կապված էր այստեղ կայացած գագաթաժողովի հետ»:
Այսօր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում: Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն: «Եթե այդ հարաբերությունների ամբողջ սպեկտրը հաշվի առնենք, այո, որոշ տեղերում կարող են հարցեր լինել, բայց ընդհանուր առմամբ, ճգնաժամ չեմ տեսնում հարաբերություններում»,-ասաց Գրիգորյանը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ, որն այսօր այցելել էր «Հաղթանակի» զբոսայգի, լրագրողների հետ ճեպազրույցում չի մեկնաբանել պաշտոնական Մոսկվայից հնչող հայտարարությունները՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի։
Հիշեցնենք, որ Երևանում կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովից հետո ՌԴ-ից կոշտ հայտարարություններ հնչեցին, ՌԴ ԱԳն խոսնակ Մարիա Զախարովան դժգոհություն հայտնեց, Հայաստանի դեսպանը կանչվեց ԱԳՆ՝ Ուկրաինայի նախագահի՝ Երևան այցի կապակցությամբ, ապա հայտարարեցին, թե «Բրյուսելին մերձեցող Երևանի քայլերի վրա աչք փակել չեն կարող»:
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
