Հանտավիրուսով վարակված զբոսանավից 46 մարդ է իջել․ ԱՀԿ
Ներկա պահի դրությամբ 46 մարդ է իջել հանտավիրուսով ախտահարված MV Hondius զբոսանավից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործառնությունների ղեկավար Դիանա Ռոխաս Ալվարեսը, հաղորդում է CNN-ը:
Նավից մարդկանց իջեցման գործընթացը կշարունակվի մինչև մայրամուտ, իսկ այնուհետև կվերսկսվի վաղը առավոտյան, կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Ալվարեսը:
ԱՀԿ տվյալներով՝ այս պահին իջեցվել են Իսպանիայից, Ֆրանսիայից, Կանադայից և Նիդերլանդներից ժամանած ուղևորները։ Ալվարեսը նշել է, որ մնացած բոլոր ուղևորներն ափ կիջնեն մինչև երկուշաբթի երեկո։ Երբ նավը ժամանել է Տեներիֆե, դրա վրա ընդհանուր առմամբ եղել է 146 ուղևոր և անձնակազմի անդամ։
Ալվարեսի խոսքով՝ դրանից հետո Hondius-ը կուղևորվի Նիդերլանդներում գտնվող իր «սկզբնական նավահանգիստ»։
Նավում կմնա անձնակազմի 30 անդամ, ինչպես նաև բժշկական խումբ, հավելել է նա։
Իր հերթին, ԱՀԿ համաճարակների և պանդեմիկ սպառնալիքների դեմ պայքարի դեպարտամենտի տնօրեն Մարիա Վան Կերխովը բարձր է գնահատել այս գործընթացում ԱՀԿ-ի, Իսպանիայի և այլ երկրների միջև առկա «անհավանական համակարգումը»։
Վիրուսների այս խմբից միայն Անդյան շտամն է (ինչպես «Hondius» լայների դեպքում), որ տարածվում է մարդուց մարդուն, սակայն, ԱՀԿ-ի տվյալներով, այդ մարդիկ սովորաբար պետք է շատ սերտ շփում ունենան միմյանց հետ, որպեսզի այն տարածվի։ Մայիսի 2-ին՝ այն բանից մեկ ամիս անց, երբ նավը հեռացել էր Արգենտինայի Ուշուայա քաղաքից, ԱՀԿ-ն տեղեկություն է ստացել նավի վրա գտնվող «ծանր շնչառական հիվանդություններ ունեցող ուղևորների խմբի» մասին, ասված է առողջապահական կազմակերպության հաղորդագրության մեջ։
Այդ ժամանակ նավում եղել է 147 ուղևոր և անձնակազմի անդամ, սակայն 34 ուղևոր և անձնակազմի անդամ ավելի վաղ արդեն իջել էին ափ, հայտնել են ԱՀԿ-ում։
Այս մասին հաղորդումը ստացվել է առաջին մահվան դեպքից շաբաթներ անց։ Ապրիլի 11-ին նիդերլանդացի ուղևոր է մահացել նավի վրա: Այդ պահին «մահվան պատճառն անհայտ է եղել և նավի վրա վիրուսի կամ վարակի որևէ նշան չի եղել», ասված է «Oceanwide Expeditions» ընկերության հաղորդագրության մեջ:
ԱՀԿ-ի տվյալներով՝ նրա կինը մահացել է ապրիլի 26-ին հարավաֆրիկյան կլինիկաներից մեկում։ ԱՀԿ-ի և «Oceanwide Expeditions»-ի տվյալների համաձայն երկրորդ զոհը եղել է գերմանացի մի կին, որը մահացել է մայիսի 2-ին։
Երկու օր անց հանտավիրուս է հաստատվել նաև մեկ այլ ուղևորի մոտ, որը բժշկական ցուցումի համաձայն տեղափոխվել էր Հարավային Աֆրիկայի հիվանդանոցներից մեկը, հայտնել է ընկերությունը։
ԱՀԿ-ի փոխանցմամբ՝ հանտավիրուսից մահացությունը կարող է կազմել մոտ 40-50%։ Վտանգի գոտում հիմնականում տարեց մարդիկ են։ Զբոսանավում գտնվողների միջին տարիքը 65-ն է։
Նորություններ
