Քարոզարշավի օր․«Հարբեցող ծաղրածու», «դու քաղաքապե՞տ ես, թե մայկա-տռուսիկ տպող», Գյումրին ու Երևանի տրոլեյբուսները
Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 9-րդ օրն էր այսօր։
Քարոզարշավը շարունակվում է մեղադրանքներով, վիրավորանքներով, որոշ դեպքերում էլ՝ նախընտրալան խոստումներով։ Ամփոփ ներկայացնում ենք այսօրվա քարոզարշավի ուշագրավ հայտարարությունները, միջադեպերն ու վիրավորանքները։
«Քաղաքացիական պայմանագիրի» վարչապետի թեկնածու ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան Հանրապետության հրապարակում հանդիպել է ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների հետ, որոնք խնդրանքով դիմել էին կառավարությանը, որպեսզի որևէ լուծում տրվի իրենց խնդրին, ու հնարավորություն տրվի վերականգնել իրենց վարորդական իրավունքները։ Փաշինյանն այսօր նրանց հետ զրույցում վստահեցրել է այդ քաղաքացիները վարորդական իրավունքը վերականգնելիս նոր քննություն չեն հանձնի։
«Հիմա ձեր վարորդական իրավունքները 1 տարի անց հենց վերականգնվեն, քննություն չեք հանձնի, բայց այդ տարվա համար տվյալ վարորդներին տրվում է 6 բալ՝ 13-ի փոխարեն։ Այդ մեկ տարվա ընթացքում, եթե վարորդական իրավունքից չզրկվեք, հաջորդ տարի կրկին կունենաք 13 բալ։ Կա մի բայց․ եթե այդ բալերը ինչ-ինչ պատճառներով զրոյանան, ապա այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը»,-ասել է Փաշինյանը։
ՔՊ-ն առավոտյան քարոզարշավը սկսեց ոչ միայն խոստումով, ցուցադրեցին մայրաքաղաքի համար բերված 45 նոր տրոլեյբուսները, որոնք գնվել են կառավարության ֆինանսավորմամբ։
ՔՊ-ն քարոզարշավը մայրաքաղաքի կենտրոնում էր իրականացնում, Փաշինյանն այսօր հիշել էր Գյումրու իշխանություններին։ Նա ասել է, որ քաղաքային կառավարման արդյունավետությունն ուղղակիորեն կախված է տեղական և կենտրոնական իշխանությունների փոխգործակցությունից։ Նա ասել է, որ այն քաղաքներում, որտեղ քաղաքապետարանի և կառավարության միջև երկխոսություն կա, արդյունքներն անմիջապես տեսանելի են դառնում, սակայն, նրա խոսքով, կան քաղաքներ, որտեղ քաղաքապետն ընդդիմադիր է, բայց նա իշխանության հետ կոնֆլիկտի մեջ չէ, և այնտեղ արդյունքներն ակնառու են հենց քաղաք մտնելիս։
«Գնացե՛ք Գյումրի, հենց անցնում ես քաղաքի ցուցանակը՝ միանգամից ավերակների մեջ ես հայտնվում»,-ասել է Փաշինյանը։
Ապա հայտարարել է․«Երբևէ նման բան չէր եղել, որ քաղաքն այս աստիճան ինքնամեկուսանա։ Սա հակամարտության հետևանքն է»։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ ասել է.«Հենց այդ պատճառով է կարևոր, որ հունիսի 7-ին մենք այնտեղ ջախջախիչ մեծամասնություն ստանանք, ցրենք այս խայտառակությունը, որն այսօր կոչվում է Գյումրու իշխանություն, նոր ընտրություններ անցկացնենք և հասնենք նրան, որ Գյումրին կառավարեն ոչ թե հանցագործները, այլ նորմալ մարդիկ»։
Փաշինյանն էլ հավելել է․«Գյումրիում մինչ օրս հեղափոխական իշխանություն չի ձևավորվել։ Հունիսի 7-ից հետո այս խայտառակությանը պետք է վերջ տրվի»։
Մայրաքաղաքում որոշ քաղաքացիներ Փաշինյանից չէին վերցնում Հայաստանի քարտեզը։
Քաղաքացիներից մեկը Փաշինյանին հարց է ուղղել․«Արարատ Միրզոյանն ասում էր, որ մենք անկլավներ ունենք Հայաստանի տարածքում։ Ասե՛ք, խնդրեմ, կոնկրետ ո՞ր տարածքների մասին է նա խոսում։ Այս հարցը տալիս եմ, որ հասկանանք թե որ տարածքներից ենք զրկվելու՝ ձեզ քվեարկելով»։
Փաշինյանը վստահեցրել է, որ ինքնիշխան Հայաստանի որևէ տարածք չի հանձնվելու, ապա կրկին հիշեցրել է Արծվաշենը, նշելով․«Մենք չենք կարող դրանից հրաժարվել։ Այսինքն՝ մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել, որ Արծվաշեն չկա։ Խոսքը վերաբերում է ադրբեջանական երեք տարածքներին՝ Բարխուդարլի, Խեյրիմլի… Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ կգտնենք, թե ինչ ենք անում»։
«Ստացվում է, որ հիմա մենք օկուպա՞նտ ենք, պարոն Փաշինյան, քանի որ Ադրբեջանի տարածքները գտնվում են մեր վերահսկողության տակ»,-հարցրել է քաղաքացին։ Ի պատասխան Փաշինյանն ասել է․«Լսեք, հիմա այդ տերմիններն այլևս անցյալում են, որովհետև կոնֆլիկտը հաղթահարված է։ Հիմա մենք սահմանազատման արդյունքում կլուծենք վերջին հետևանքները»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին ու Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին։
«Այսօր կան քաղաքական ուժեր, որ ասում են, թե մենք անպայման պետք է երաշխավորներ ունենանք և այլն։ Երաշխավորների թեման շատ զգայուն թեմա է մեր համար։ Որովհետև երբեմն մենք մոռանում ենք, որ մենք արդեն ապրել ենք այդպիսի ռեժիմում, երբ մենք ունենք պայմանագրային, դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ մենք ունենք անվտանգության երաշխավորներ, ովքեր պետք է պահեն մեր անվտանգությունը։
Բայց այդ անվտանգության երաշխավորներից մեկը, Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ, ըստ էության, շատ բաց ու թափանցիկ հայտարարություն արեց (նկատի ունի Բելառուսի նախագահին), որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներին։ Այդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է»,-ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ իշխանությունն ուզում է հաղթահարել այն ցիկլը, երբ թույլ է տրվում, որ «ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ ու դեն նետեն։ Հայաստանի պատմության մեջ սա վերածվել է «խայտառակ ցիկլի»։
Փաշինյանն ասել է․«Մենք արձանագրել ենք, որ թույլ չենք տա, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ և դրանից հետո դեն նետեն։ Եվ այստեղ որևէ անհարգալից բան չկա որևէ երկրի կամ անձի նկատմամբ։
․․․Իսկ երաշխավորների մասին խոսակցությունն ինձ մոտ ուղղակիորեն ասոցացվում է հետևյալի հետ. «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» մեզ ասում է. «Գիտե՞ք ինչ: Մենք չենք կարողանում հոգ տանել մեր 9 ամսական երեխայի մասին: Եկեք նրան հանձնենք մեկ ուրիշի խնամքին, եկեք մանկատուն տանք»: Իսկ մենք ասում ենք՝ ո՛չ, մենք դա թույլ չենք տա»:
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածում Ռոբերտ Քոչարյանն այսօր Վեդիում քարոզարշավի ժամանակ խիստ քննադատել է ՔՊ-ին, հայտարարել է՝ իշխանությունները թույլ են տվել բոլոր հնարավոր սխալները՝ պատերազմից ու տարածքային կորուստներից մինչև դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացում և տնտեսական ռիսկերի խորացում։ Նա ասել է, էր այսօր էլ իշխանությունը երկիրը տանում է վատթարացման ճանապարհով։
Քոչարյանը նաև ասել է․«Երկու օր ա՝ լեզին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր սխալներն ու մեղքերը փորձում են բարդել Մոսկվայի վրա՝ անտեսելով ՌԴ-ից և ԵԱՏՄ-ից ՀՀ տնտեսության կախվածությունը»։
«Հայաստան» դաշինքի առաջնորդն ասել է՝ երկրի ամենամեծ սպառնալիքը թույլ, ստախոս դավաճան ղեկավարն է՝ անհավասարակշիռ և հիստերիկ։ Նա ասել է, որ գործող իշխանությունըմահացու վտանգավոր է հայ ժողովրդի համար։
«․․․Ինքը միայն Ադրբեջանի երաշխավոր լինելով կարող է ասել՝ «եթե ես չլինեմ՝ հաստատ պատերազմ է սկսվելու»։ Հիմա սա՞ է մեզ պետք։ Ոչ, ոչ և ոչ։ Ուրեմն ի՞նչ պետք է մենք անենք։ «Հարբեցող ծաղրածուի», իմ բառերը չեն, բայց ինքը սիրել է այդ բառերը, որովհետև դրանք ասել է Ալիևը, նա չի առարկել, փաստացի համաձայնել է դրա հետ։ Ուրեմն, այդ «հարբեցող ծաղրածուին» պետք է վռնդել այդ պաշտոնից։ Եվ դա մենք կարող ենք անել հունիսի 7-ին՝ քվեարկելով համար 17-ին»։
«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը հայտարարել է․«Մեզ համար ընտրակաշառք բաժանելը բացարձակ անընդունելի է, քանի որ դա այդ վախի համակարգը ստեղծելու բաղադրիչներից է։ Այդ սխեման գործում է բարձրագույն մակարդակով և իջնում է մինչև ներքև: Թե՛ ընտրակաշառք տալը, թե՛ վախեցնելով ձայնը գնելը նույն բանն են, և դա բացարձակ անընդունելի է, քանի որ քայքայում է երկրի քաղաքական համակարգը»։
Թաթոյանն ասել է, որ քաղաքացին ինքը պիտի ձևավորի պետական համակարգը:
Նա հայտարարել է․«Երբ սկսեցինք մեր նախընտրական քարոզարշավը եւ մինչ այդ էլ հանդիպում էինք ունենում քաղաքացիների հետ, ակնհայտ էր, որ մեծ ծավալի սպառնալիքներ կան մարդկանց նկատմամբ, անընդհատ ահաբեկում են, վախեցնում, տներ են գնում, խոսքը իշխանությանն է վերաբերվում, սպառնում են աշխատանքից ազատել մարդկանց եւ այլն: Քանի որ նախկինում շատ ընտրությունների միջով եմ անցել որպես նախկին ՄԻՊ, ակնհայտ էր, որ այս խախտումները պահանջում են համակարգվածություն եւ մարդկանց պաշտպանություն: Մենք պետք է պաշտպանեինք մեր քաղաքացիներին, որովհետեւ համատարած էին այդ խախտումները, դրա համար հայտարարեցինք «թեժ»գծի մասին»։
«Ուժեղ Հայաստան»-ը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում էր, դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ Հայաստանի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է տնտեսագետ ղեկավար։
Նա ասել է՝ Հայաստանը 30 տարվա ընթացքում այդպես էլ չի կարողացել լուծել արժանապատիվ աշխատավարձով աշխատատեղերի ապահովման խնդիրը։
Նրա խոսքով՝ այս խնդիրը լուծելու համար երկրին անհրաժեշտ է տնտեսագետ ղեկավար, և այսօր Սամվել Կարապետյանը, որը երբեք կյանքում ներգրավված չի եղել քաղաքականության մեջ, պատրաստակամություն է հայտնել զբաղվել իր երկրի զարգացմամբ։
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու վերջինիս մասնակցությամբ հրապարակված շապիկների պատմությանը, որոնց վրա տպագրված էին իր և գործարար Սամվել Կարապետյանի սխալ արտասանված բառերը։
«Քաղաքապետը պիտի իմանա, որ ինքը քաղաքապետ է, ոչ թե մայկա-տրուսիկ տպող, որ հաճոյանա վարչապետին։ Պետին հաճոյանալու փոխարեն Ավինյանը պետք է հաճոյանա երևանցիներին։ Այսքան ժամանակ նա պետք է կառուցեր մետրոյի կայաններ, թունելներ, ճանապարհներ, Երևանում օդը մաքուր դարձներ։ Պետք է օդը մաքրել, ոչ թե տռուսիկ-մայկա տպել, որ Նիկոլ Փաշինյանը ասի՝ հալալ է»։
Ծառուկյանը նաև նշել է, որ ինքն ու Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ ներդրումներ են կատարել երկրի զարգացման համար և, իր խոսքով, «ազգի պատիվը բարձր են պահել»։
«Ես ու Սամվել Կարապետյանը մեր երկրի համար ներդրումներ ենք արել, ազգի պատիվը բարձր ենք պահել։ Մեզ պետք չէ քննադատել տառասխալի համար։ Ես կարող եմ ասել, որ իրենք նույնիսկ տառերը չգիտեն, անգիր արած խոսում են», — ասել է նա։
ԲՀԿ առաջնորդը իշխանություններին մեղադրել է նաև պետական կարևոր փաստաթղթեր ստորագրելու մեջ, որոնք, իր համոզմամբ, վնասել են Հայաստանի շահերը։
«Եթե իրենք տիրապետեին հիմնական նախադասություններին ու հասկանալով գործեին, այսքան փաստաթուղթ չէին ստորագրի՝ ի վնաս մեր երկրի ու ժողովրդի։ Ցանկացած ստորագրած փաստաթուղթ վնաս է եղել պետության համար»,-նշել է Ծառուկյանը։
Արագածավանում առաջարկել է համաներման հնարավորություն շնորհել կալանավորներին, քանի որ, ըստ նրա՝ կալանավայրերը բավականին ծանրաբեռնված են։
Երևանի քաղաքապետն այսօր դժգոհել է Փաշինյանին, թե Ծաուկյանն իրեն մայկա-տուսիկ տպող է ասել։
«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այսօր քարոզարշավ է իրականացրել հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարա գյուղում։
Կուսակցության առաջնոչրդ Էդմոն Մարուքյանն ասել է․«Մենք հասկանում ենք, որ վաղ թե ուշ սահմանները պետք է բացվեն։ Մենք գիտենք բոլորս, որ սահմանը Հայաստանի Հանրապետությունը չի փակել։ Մենք գիտենք բոլորս, որ Հայաստանի Հանրապետությունն ինչ կարող էր՝ արել է վերջին տարիներին, որպեսզի այս սահմանը բացվի, սակայն այն չի բացվել»։
Նա նաև հայտնել է, որ մինչև սահմանի ֆիզիկական բացումը պատրաստվում են Ազգային ժողովում ներկայացնել օրենսդրական փաթեթ, որով բազմաթիվ հարցերում պաշտպանելու են ՀՀ քաղաքացուն, Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի անշարժ գույքի շուկան, Հայաստանի ռազմավարական օբյեկտները, արժեթղթերը, բաժնետոմսերը։
«Նոր ուժ» կուսակցության նախընտրական ծրագրով առաջարկվում է արգելել առցանց խաղատները։ Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում այս խնդրին է անդրադարձել է կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։
«Սա թմրամոլության պես մի բան է, որ մտնում ես, այլևս չես կարողանում դուրս գալ: Մարդիկ պարտվում են ամեն ինչ՝ սկզբից գումարները, հետո վարկ են վերցնում, հետո տուն են վաճառում, հետո ընտանիքներ են քանդվում, խեղվում են կյանքեր: Օր առաջ այս ամեն ինչին պետք է վերջ տալ: Մարդիկ կլինեն, ովքեր կասեն՝ մի րոպե, այս օնլայն կազինոները որ փակում եք, բա այդքան հարկային մուտքերից պետությունը զրկվի՞: Վստահեցնում եմ ձեզ՝ այն միլիարդավոր դրամները, որ մարդիկ խաղադրույք են կատարում, հիմա կսկսեն ծախսել ընտանիքների վրա, ավելի օգտակար բաների վրա, գումարը կմտնի տնտեսություն և հարկերի տեսքով կվերադառնա պետություն»,- նշել է Մարությանը:
Հայ ազգային կոնգրեսը սոցիալական ցանցում նախընտրական ծրագրից հատված է հրապարակել․«Խաղաղությունը կայուն, երաշխավորված, երկարաժամկետ դարձնելու եւ Հայաստանի ինքնիշխանությունն ապահովելու համար պետք է ստեղծվի հաղորդակցման ուղիների այնպիսի ենթակառուցվածք, որը կբացառի Հայաստանի միակողմանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից: «Այս նպատակների իրագործման համար Հայաստանի տարածքում կկառուցվի ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային հաղորդակցության հանգույց, որը կապահովի երկրի կապը ինչպես Արեւմուտք-Արեւելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ առանցքներով։
Այդ հանգույցի կարեւորագույն մասն է Հայաստանն Իրանին կապող երկաթուղին։ Հայաստանի եւ նախագծի շուրջ ստեղծվող միջազգային մեծ կոալիցիայի ֆինանսավորմամբ եւ փայատիրությամբ «TRIPP+BRICS» նախաձեռնության շրջանակում Հայաստանը կհաղթահարի ծովից կտրված երկրի կարգավիճակը՝ դառնալով ռազմավարական միջազգային տրանզիտային կենտրոն»։
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանն այսօր Երևանում քարոզաշավի ժամանակ հայտարարել է՝առաջինը քաղաքացին պետք է հասկանա, թե տվյալ քաղաքական ուժը որքանով է կարող զբաղվել քաղաքականությամբ, որովհետև ստեղծվում են բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք որևիցե ճանապարհ չեն անցել և տալիս են երկար ու մեծ խոստումներ։
Նա ասել է՝ պետք է տեսնել, թե այս կամ այն քաղաքական ուժը ինչ հետագիծ ունի, արդյոք այնտեղ ներգրավված են մարդիկ, ում խոստումները արժեք ունեն։
«Ազգային-ժողովրդավարական բևեռում ներգրավված են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են մեր երկրի համար, հալածվել են, բանտարկվել են, ընդհուպ մինչև մահափորձեր են եղել մեր նկատմամբ, սակայն մենք չենք նահանջել և դրանով իսկ ապացուցել ենք մեր հանրությանը, որ մեր պայքարը հանուն իշխանության կամ հանուն խոստումների չէ․ մեր պայքարն ունի բացառապես գաղափարական հենք և մեր պայքարը մեր երկրի և ժողովրդի համար է»,- նշել է Սաֆարյանը։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, քաղաքական ուժի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում ասել է, որ իրենց նպատակը նոր ձևավորվող խորհրդարանում որակյալ ընդդիմություն ունենալն է։
«Մենք պայքարում ենք մեր երկրի անկախության ու ազատության համար։ Մենք նպատակ ունենք ընդդիմությունը փոխելու, որովհետև կարծում ենք, որ ժողովուրդը չունի իշխանություն ընդդիմության նկատմամբ»,-ասել է Բաբաջանյանը
Այսօր Ոստիկանությունը Լոռու մարզում 10 քաղաքացու է ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին: Նրանք, ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ, կասկածվում են քարոզչությանը խոչընդոտելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Տաշիր խոշորացված համայնքի երկու բնակավայրերում՝ Մերձավան և Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթի ժամանակ մի խումբ մարդիկ «դիմավորում են» նրանց «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով ու երգով: Նշենք, որ «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը Տաշիրից է։
