«Ականատես»-ը Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը համարում է անհիմն | Region

«Ականատես»-ը Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը համարում է անհիմն

Մայիս 20,2026 13:32

«Ականատես» դիտորդական առաքելությունը խորապես մտահոգված է քաղաքական և հանրային դիսկուրսում զարգացող ատելության խոսքի և անհանդուրժողականության խոսույթով, որը վերջին օրերին առավել սրվել է նախընտրական քարոզչության շրջանակում։ Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանի Արթուր Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճը և դրա հետևանքները։

Ըստ այդմ, առնվազն հանրամատչելի տեղեկատվության հիման վրա Արթուր Օսիպյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, նրան առաջադրված մեղադրանքները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով, ինչպես նաև, որպես հետևանք, կալանավորման միջնորդությունը, համարում ենք առերևույթ չհիմնավորված և անօրինական։

«Ականատեսի» գնահատմամբ՝ Օսիպյանի արտահայտությունները, թեև պարունակել են կոշտ և սուր, որոշ մասով անհարիր խոսույթ պարունակող քաղաքական քննադատություններ, այնուամենայնիվ գտնվել են քաղաքական քննադատության շրջանակում, այդ թվում՝ Արցախում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումները քննադատող արտահայտությունները և հանդիպմանը նախորդած սոցիալական ցանցում արված գրառման մեջ տեղ գտած խոսույթը։

Ընդ որում, տվյալ իրավիճակում նրա ընդդիմախոս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվել են ոչ պակաս կոշտ և անգամ ավելի սուր գնահատականներ ու արձագանքներ, ինչը վկայում է փոխադարձ էմոցիոնալ և քաղաքական բախման մասին։

Ընդ որում, Ն․Փաշինյանի դեպքում խիստ մտահոգիչ և անընդունելի են Արցախից բռնի տեղահանված անձանց ուղղված անպատշաճ արտահայտությունները, որոնք հերթական անգամ սրում են հանրային տրամադրւթյուններն ու խորացնում բևեռացումը։

Նման պայմաններում կողմերի արտահայտությունները, անհրաժեշտության դեպքում, վերջիններիս նախաձեռնությամբ կարող են գնահատման առարկա դառնալ բացառապես վիրավորանքի կամ զրպարտության իրավական համատեքստում։ Սակայն դրանք չեն կարող ողջամտորեն որակվել որպես խուլիգանություն, քարոզչությանը խոչընդոտում կամ առավել ևս՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնել կամ քարոզել։

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին դադարեցնել անհիմն և քաղաքական ենթատեքստ ստեղծող քրեական հետապնդումը, առաջնորդվել բացառապես իրավունքի գերակայության, օրինականության և համաչափության սկզբունքներով, ինչպես նաև զերծ մնալ քաղաքական գործընթացների նկատմամբ որևէ միջամտության կամ ազդեցության տպավորություն ստեղծող գործելակերպից։

Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ատելության խոսքից և քաղաքական հակառակորդների դեմ անհանդուրժողականության խորացմանն ուղղված խոսույթից՝ նպաստելով հանրային համերաշխության և իրավական պետության սկզբունքների պահպանմանը։

Նորություններ