«Պետք է հարցնել Փաշինյանին՝ ինչո՞ւ է նա այդքան թշնամաբար տրամադրված արցախցիների հանդեպ ու նման ատելություն բորբոքում»․Մարգարիտա Քարամյան | Region

«Պետք է հարցնել Փաշինյանին՝ ինչո՞ւ է նա այդքան թշնամաբար տրամադրված արցախցիների հանդեպ ու նման ատելություն բորբոքում»․Մարգարիտա Քարամյան

Մայիս 20,2026 17:58

«Ակնհայտ է, որ դա ինչ-որ արհեստական բեմադրություն է, պարզապես շոու, ես դա լուրջ չեմ ընդունում։ Այդպես չի լինում, մենք փոքր երեխաներ չենք։ Ենթադրենք, եթե լինի սպանության ինչ-որ փորձ, ո՞ւր է Ազգային անվտանգության ծառայությունը, ո՞ւր են Ներքին գործերի բաժինները։ Նրանք պետք է նախատեսեին և կանխեին այս ամենը։ Այնպես որ, եթե այս ամենն արդեն ջրի երես է դուրս եկել, ուրեմն սուտ է։ Եթե դա այդպես է, ապա Փաշինյանը հասկացնել տվեց, որ իր երկրում չկա ո՛չ ԱԱԾ, ո՛չ Ներքին գործերի նախարարություն, ընդհանրապես չկան անվտանգային կառույցներ, որոնք պետք է կանխեին նման սպառնալիքները»։ Այս կարծիքին է Մարգարիտա Քարամյանը համացանցում տարածված տեսանյութի մասին, որտեղ դիմակավորված անձինք սպառնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

RegionsTV-ի հետ զրույցում «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպության ղեկավար Մարգարիտա Քարամյանը Փաշինյանի վերջին ելույթը դիտարկում է որպես վիրավորանք և անհանդուրժողականության դրսևորում բռնի տեղահանված արցախցիների նկատմամբ։

Նա համարում է, որ արցախցիները չպետք է թիրախ դառնան սադրանքների համար։

«Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են ատելություն տարածում արցախցիների նկատմամբ։ Պետք է հարցնել իրեն (Փաշինյանին)՝ ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ է նա դա անում. արցախցիների հանդեպ ատելությունն իր անձնակա՞ն վերաբերմունքն է, թե՞ պետության ռազմավարությունը։ Մարդիկ պետք է իմանան, որ իրենց կարող են ձերբակալել։ Մենք պետք է հասկանանք տրամաբանությունը. ինչի՞ համար է սա պետք։ Սա Փաշինյանի անձնակա՞ն վերաբերմունքն է, թե՞ ծրագիր։ Հնարավոր է՝ նա ճնշումների տակ է, գուցե նրան սպառնում են»,-նշեց Քարամյանը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանի նման վարքի բազմաթիվ պատճառներ կարող են լինել, գտնում է՝ Փաշինյանը պետք է պատասխանի հետևյալ հարցերին․ «Ինչո՞ւ։ Մեր ո՞ր մեղքերի համար։ Մենք եկել ենք, և ի՞նչ ենք անում այստեղ՝ երկի՞րն ենք քանդում։ Այո՛, մենք պահանջում ենք այն, ինչ մեզ հասնում է միջազգային իրավունքով ու օրենքներով։ Մենք ուրիշ ոչինչ չենք պահանջում։ Մեզ ճանաչել են փախստական միջազգային իրավունքով, և մենք պահանջում ենք այն, ինչ հասնում է փախստականներին. ՄԱԿ-ի դատարանը պարտավորեցրել է Բաքվին թույլ տալ Ղարաբաղի փախստականներին վերադառնալ։ Մենք նաև պահանջում ենք, որ մեր նկատմամբ ատելություն չտարածեք, մեզ չանիծեք, մենք ձեզնից ուրիշ ոչինչ չենք պահանջում»։

Արցախցի կինը բարձրաձայնում է այն ցավի ու հասկացված չլինելու մասին, այդ ապրումները տանջում են արցախցիներին։ Նրա հարցերը դատարկ հետաքրքրասիրություն չեն, այլ պատասխանների փնտրտուք, թե ինչու է իրենց ճակատագիրը հայտնվել նման անորոշ ու ողբերգական դրության մեջ։ Ըստ նրա՝ արցախցիները ողորմություն չեն խնդրում, այլ պահանջում են հարգել միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար իրավունքները։

Նշենք, որ Հայաստանում ընտրություններին մնացել է գրեթե երեք շաբաթ, սակայն մթնոլորտն արդեն բավականին շիկացած է։ Արցախցիներն ու Արցախյան հարցը ընտրությունների նախաշեմին կրկին դուրս են եկել առաջին պլան։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ մի քանի դիմակավորված անձինք արցախյան բարբառով դիմում են Փաշինյանին՝ օգտագործելով վիրավորական բառապաշար և սպառնալիքներ։ Նրանց ձեռքին կարծես թե զենքեր կան։

Մայիսի 18-ին, Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է հրապարակված տեսանյութը և կոշտ արձագանքել. «Բա էս լակոտներին նայեք։ Դիմակներ են հագել, իբր տղա են»։ Փաշինյանը նրանց կոչ է արել կամավոր ներկայանալ իրավապահ մարմիններին՝ հավելելով, որ հատ-հատ գտնելու և «սատկացնելու» է։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանի ձերբակալությանը, Մարգարիտա Քարամյանն ընդգծել է, որ նա գնացել և իր կարծիքն է հայտնել վարչապետին, իսկ վերջինիս դա դուր չի եկել, այդ պատճառով էլ Օսիպյանին ձերբակալել են։ «Մի՞թե սա նորություն է Հայաստանի համար։ Եվ սա մարդկանց ձերբակալության արդեն որերո՞րդ դեպքն է։ Նրանց ձերբակալում են պարզապես վարչապետի կարծիքի հետ չհամընկնող կարծիք հայտնելու համար»։

«Վերադարձ դեպի Դիզակ» կազմակերպության ղեկավարը մտահոգություն է հայտնել արցախցիներին որպես լարվածության աղբյուր ներկայացնելու և նրանց օգտագործելու փորձերի կապակցությամբ։ «Պետք է հարցնել իրեն՝ ինչո՞ւ է նա այդքան թշնամաբար տրամադրված արցախցիների դեմ, նման ատելություն բորբոքում։ Ի՞նչ են արել արցախցիները։ Ես չգիտեմ, թե ինչ կա այդ մարդու գլխում, բայց ինչի՞ համար է նա դա անում։ Ալիևը, հավանաբար, ասել է՝ արա՛, նա էլ անում է»։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին է մոտեցել արցախյան «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, տվել Արցախին վերաբերող հարց, իսկ հետո հայտարարել, որ իրենք պայքարել են կոռուպցիայի դեմ, սակայն ընտրությունների ժամանակ Փաշինյանը սատարել է Արայիկ Հարությունյանին, ով «փող էր բաժանում»։

Երբ Օսիպյանը հայտարարել է, որ Ալիևը պահանջում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձը, Փաշինյանը հունից դուրս է եկել, ինչից հետո Օսիպյանին ուժով հեռացրել են, իսկ Փաշինյանը շարունակել է ելույթը՝ հանդես գալով վիրավորանքներով. «Էս լակոտները, որ գալիս ու դատողություններ են անում, թող բացատրեն՝ ինչո՞ւ են իրենք ողջ, իսկ մեր տղաները զոհվեցին։ Նրանք իրավունք չունեն գալ այստեղ ու խոսել։ Նրանք պետք է սուսուփուս նստեն իրենց տեղերում։ Թող Արթուր Օսիպյանը բացատրի՝ ինչո՞ւ է ինքը ողջ, այլ ոչ թե զոհված, ու հիմա դեռ մեզ 5.000 զոհերից է խոսում։ Թիկունքում «պայո՞կ» էր ուտում։ Դեռ Մինսկի խմբից էլ է խոսում։ Ղարաբաղի հարց չկա, և ով կփորձի Հայաստանի ժողովրդի առաջ ղարաբաղյան հարց բարձրացնել, գործ կունենա անձամբ իմ հետ։ Ո՞վ եք դուք, Ղարաբաղի փսևդոէլիտաներ, կորե՛ք այստեղից։ Արթուր Օսիպյան, գնայիր ու զոհվեիր մեր տղաների փոխարեն, թալանչիներ ու անասուններ։ Դո՛ւք եք Ղարաբաղի ժողովրդին պատանդ վերցրել։ Երբ ղարաբաղյան հարց կար, պետք էր գնալ ու զոհվել։  Դուք՝ Ազգային ժողովի այդպես կոչված պատգամավորներդ, ինչո՞ւ եք ողջ, ինչո՞ւ չեք զոհվել։ Ձեզ ընդհանրապես ո՞վ էր պահում, տականքնե՛ր։ Է՛յ, փախածներ, չհամարձակվեք գալ այստեղ ու ընդհանրապես մատ թափ տալ այստեղ։ Ես ձեզ արմատախիլ կանեմ Հայաստանից։ Դուք պետք է բացատրեք, թե ինչու եք ողջ մնացել»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի «ինչո՞ւ եք ողջ մնացել» հարցին, Մարգարիտա Քարամյանն ասաց, որ «ծրագիրն այն էր, որ բոլոր արցախցիները պետք է մեռնեին այնտեղ, այլ ոչ թե գային այստեղ։ Ինչպե՞ս ընդհանրապես մեկնաբանել նման բաները։ Սա լուրջ չէ, հասկանո՞ւմ եք։ Ես այս ամենին լուրջ չեմ նայում, որովհետև սա ընդհանրապես չի տեղավորվում նորմալ մարդկային տրամաբանության մեջ»։

Նրա կարծիքով՝ դաժան ու աբսուրդ բան է, երբ երկրի ղեկավարն է նման հայտարարություններ անում․ «Այո՛, եթե, ասենք, սովորական մարդիկ նման բաներ ասեն, դա դեռ կարելի է ինչ-որ կերպ հասկանալ. մարդիկ գուցե գրագետ չեն, կիսագրագետ են, չեն հասկանում, տեղյակ չեն իրադարձություններից, դրա համար էլ այդպես են խոսում։ Բայց ախր երկրի ղեկավարն է նման բաներ ասում, նա է նման ատելություն տարածում»։ Ըստ Քարամյանի՝ սեփական տները լքելու և այլ երկրներում ապաստան փնտրելու հարկադրված արցախցիների ճակատագիրը ողբերգություն է, որը չպետք է արժեզրկվի նման հայտարարություններով։

«Չգիտենք, թե ինչ կլինի հունիսի 7-ի ընտրություններից հետո։ Հնարավոր է՝ ինչ-որ բան փոխվի։ Եկեք առաջ չընկնենք, պետք չէ շտապեցնել իրադարձությունները, ինչպես ասում են՝ սայլից առաջ վազել»,- ասել է Մարգարիտա Քարամյանը։

Նա հավելեց․«Հուսանք, որ այս ամենը ի վերջո կփոխվի»։

Զաբելա Ավագյան

Նորություններ