«Հնարավոր է նրանք ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք են»․ Փաշինյանն իրեն սպառնացող դիմակավորված անձանց մասին
«Ես կարծում եմ, որ մենք անձանց շրջանակը մոտավոր պարզաբանել ենք, ըստ էության, այն անձինք, որոնք, մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, նրանք 2024 թվականից Հայաստանում չեն»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով օրերս տարածված տեսանյութին, որում դիմակավորված անձինք Արցախի բարբառով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ էին հնչեցնում։ Այն, որ այդ անձինք Հայաստանում չեն, Փաշինյանն ասաց, որ դա ընդամենը օպերատիվ տեղեկություն է․ «Ապացույց չունենք։
Ավելին՝ նախկինում, մեծ հավանականությամբ, նրանք այլ գործերով մեր հետաքրքրության տիրույթում են եղել: Մասնավորապես՝ հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք, սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»։
Հիշեցնենք, որ օրերս Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Փաշինյանի և մի կնոջ միջև թեժ վիճաբանության ժամանակ կինը Փաշինյանին մեղադրել էր «երկիրը քանդելու մեջ», ինչից հետո Փաշինյանն արձագանքել էր. «Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք: Եվ ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ վիդեոներ են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկաները, այ ստահակներ, այ փախածներ: Ղարաբաղի ակցենտով, մասկաներով վիդեո են տարածում, ասում ենք՝ դուք վախկոտ, համբալներ եք, ովքեր փախել են մարտադաշտից: Հանեք ձեր մասկաները՝ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու…չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը»։
Փաշինյանը պնդել էր, որ այդ տեսանյութի հետևում կանգնած են իր մրցակիցները․« «Մասկեքովին սպառում եմ կոնկրետ ուժային գործողություններով, սաստիկ ուժային գործողություններով սպառնում եմ, սրանց սատկացնելու եմ: Նաև մրցակիցներին սպառնում եմ ՀՀ օրենսդրությամբ և արդարադատությամբ, սպառնում եմ 5000 զոհ ասելու համար, կոնկրետ սպառնում եմ՝ Ռոբիկ, կալուգացի, Սերժ, Գագո, բոլորիդ սպառնում եմ»։
