«Ապրելու եմ 120-130 տարի»․ Մեղվաբույծ Հրահատի ներդաշնակ կյանքը բնության հետ և բուժիչ մեղրի գաղտնիքը
Լեռնաջուր գյուղը գտնվում է Լոռու մարզի Գուգարք համայնքում` Փամբակի աջակողմյան վտակ Լեռնաջուր գետի ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է շուրջ 1700 մ։
Տեղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվաբուծությամբ։ Մաքուր ջուրը, կուսական բնությունը, անտառներն ու լեռնային կլիման նպաստում են բարձրորակ մեղրի արտադրությանը, որը մեծ պահանջարկ է վայելում։
Մեղվաբուծական տնտեսություններից մեկի հիմնադիր Հրահատ Սիմոնյանը պատանեկան տարիներից զբաղվում է իր սիրելի գործով։ Նրա տնտեսությունում արտադրված օրգանական մեղրը շատ արագ սպառվում է․ գնորդները հիմնականում Սպիտակ և Երևան քաղաքներից են։
Նրա խոսքով բնական ու մաքուր մեղրի օգտագործումն առողջ ապրելակերպի կարևոր պայմաններից մեկն է։ 73-ամյա մեղվաբույծը վստահ է՝ հենց բնության հետ ներդաշնակ կյանքն ու մաքուր բնամթերքն են իրեն ուժ ու կենսունակություն տալիս։ «Ամեն օր ուտում եմ տարբեր բուսատեսակներից ստացված բուժիչ մեղրը, և ապրելու եմ 120-130 տարի»,-ասում է Հրահատ Սիմոնյանը։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
