«Այս պահվածքով դուք երկար չեք ապրելու Հայաստանում։ Կգաք, կդիմեք, Ռուսաստանի տոմս կտանք»․Թալինի համայնքապետն՝ արցախցի կնոջը
«Տեսեք՝ այս պահվածքով դուք երկար չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում»,-այսպես է դիմում Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը արցախցի կնոջը, երբ նա թույլ չի տալիս ՔՊ-ականներին մտնել իր տուն՝ քարոզարշավի։
Համացանցում երեկվանից տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է, թե ինչպես է Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը քարոզարշավի շրջանակներում Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում բնակվող արցախցի Արեւիկ Գրիգորյանին «երեսով տալիս», թե տուն են տվել ապրելու, աջակցություն են տրամադրել։
Սկզբում Սափեյանը բուկլետները ձեռքին մոտենում արցախցի Արեւիկ Գրիգորյանի տանը, ու երբ կինն ասում է, որ տարածքում կարող են շրջել, բայց տուն՝ իր անձնական տարածք չմտնեն, Տավրոս Սափեյանը շարունակում է մոտենալ՝ բարձրանալով տան աստիճաններով ու հարցնում. «Ես արժանի՞ եմ այդ վերաբերմունքին»։ Արեւիկ Գրիգորյանն արձագանքելով ասում է, որ համայնքապետին հարգում է, բայց իրեն նչի հետաքրքրում, թե ով ինչպիսի քաղաքականություն է վարում։
«Մարդ անաղուհաց չի լինում։ Էս տունը, որ բնակվում եք՝ ո՞ւմն է»,-ասում է Սափեյանը։
Կինը պատասխանում է, որ տունն այս պահին իրենն է, ինչին Սափեյանը հակադարձելով հարցնում է՝ ո՞վ է տվել այդ տունը»։
«Գումարը տվել է պետությունը, ոչ թե անձամբ ինչ որ մարդիկ իրենց գրպաններից»,-պատասխանում է Արևիկ Գրիգորյանը։
«Պետության գլխին կանգնած ենք մենք եւ պարոն Փաշինյանը։ Իսկ այդ ձեր տան երեխաներին ո՞վ է օգնել առաջին օրը»,-այսպես է պատասխանում Սափեյանն արցախցի կնոջը։ Կինը պնդում է՝ իրեն քաղաքականությունը չի հետաքրքրում, և իհարկե, շնորհակալ է իր ընտանիքին՝ 9 երեխաներին աջակողներին։
«Տեսեք՝ այս պահվածքով դուք երկար չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում։ Կգաք, կդիմեք, ձեզ Ռուսաստանի տոմս կտանք»,-հայտարարում է Թալինի համայնքապետը։
«Ես ասացի՝ գնացեք, մեզ հետաքրքիր չի ոչ մի քաղաքական ուժ… Ինչո՞ւ եք սպառնում, ի՞նչ ենք արել։ Չենք ընդունում, վերջ։ Ոչ մեկին չենք ընդունում մենք՝ որ ուժը ուզում լինի։ Մեզ համար բոլորը միևնույնն են։ Այսօր որ մենք հայրենիք չունենք ու Հայաստանն էլ կիսով չափ չկա՝ մեզ համար միևնույն է՝ ով ուզում լինի, որ ուժն ուզում է՝ լինի.. Ամեն գյուղ մտնելով սպառնալով գնում եք»,-հակադարձում է Արևիկ Գրիգորյանը։
Արեւիկ Գրիգորյանը միջադեպի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Իմ տան տարածքում փորձեցին իմ կարծիքն ու մտածելակերպը իմանալ ընտրությունների հետ կապված։ Քանի որ մենք որևէ քաղաքական ուժի հետ կապ չունենք, և ինձ նաև հաճելի չէ իրենց տեսնել իմ տարածքում, ես խնդրեցի հեռանալ։ Բայց, ինչպես տեսնում եք, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը պնդեց, որ պիտի մոտենա ու խոսի։ Ես ևս մեկ անգամ խնդրեցի, որ գնան, բայց նրանք մոտեցան ու սպառնալից փորձեցին ինչ-որ բան հասկացնել։ Սիրելի հայրենակիցներ, քանի որ Արցախն ու Հայաստանն իմ հայրենիքն են, ես չեմ կարող ուրանալ մեր տղերքի թափած արյունը։ Մեր տան պատից կախված հերոսների նկարները, տանը կախված Արցախի դրոշն ինձ պարտավորեցնում են, որ ես չընդունեմ այն մարդկանց իմ տարածքում, ովքեր ուրացել են, ովքեր Արցախ են նվիրել, ովքեր արժանապատվություն չունեն, ովքեր չեն ընդունում իմ հայրենիքը։
Եթե ես թույլ տամ, որ նրանք մտնեն իմ տուն, կնշանակի՝ ես ինքս արժանապատվություն չունեմ, կնշանակի դավաճանել եմ նահատակված տղաներին։ Հիմա մի բան կասեմ․ ովքեր ուզում են՝ թող թերագնահատեն, ովքեր ուզում են՝ թող վատաբանեն, բայց ես ցանկանում եմ, որ իմ երեխաները արժանապատիվ մեծանան, երբեք ու ոչնչի դիմաց չվաճառեն իրենց հայրենիքը։ Ես ցանկանում եմ արժանապատիվ Հայաստանում, հայրենիքում մեծացնել իմ երեխաներին։ Եթե պատերազմից հետո իմ հայրենիքում՝ Հայաստանում, ինձ օգնել են, դա դեռ չի նշանակում, որ ինձ կաշառել են կամ ես պարտավորվածություն ունեմ որևէ մեկի առաջ։ Ես միայն շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր Հայաստանցի ու Արցախցի չեն բաժանում, ովքեր ապրում են միմյանց ցավով ու ուրախանում միմյանց ուրախությամբ»։
