Ամերիկյան մեր գործընկերները մշտապես ջանքեր են գործադրել գերիների վերադարձի հարցում, մեծ հույս ունեմ, որ առաջիկայում այս հարցը կարող է հաջողություն ունենալ․Միրզոյան
«Բաքվում պահվող հայ գերիների ու պատանդառու անձանց հարցը մշտապես մեր զրույցի կետերի մաս է»,-այս մասին այսօր Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մի շարք փաստաթղթեր ստորագրելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայերի վերադարձի շուրջ ամերիկացի գործընկերների հետ հնարավոր համագործակցության մասին հարցին։
«Սա հազար անգամ ասել եմ՝ այդ թեման, հարցնեք, չհարցնեք, մշտապես մեր երկխոսության մաս է։ Լիազորված չեմ ամերիկյան կողմից ասելու, բայց այն թեման է, որ կարող եմ պնդել՝ ամերիկյան մեր գործընկերներն էլ մշտապես անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերել այս հարցի նկատմամբ, ջանքեր են գործադրել։ Անցյալում էլ ջանքերը հաջողություն ունեցան, ես մեծ հույս ունեմ, որ առաջիկայում այս հարցը կարող է հաջողություն ունենալ։ Այս հարցի մասին ես երբեք չեմ արել հավաստիացումներ՝ մտածելով, որ սա այն թեման է, երբ հաջողությունն արձանագրվում է, դրա մասին բոլորն իմանում են, իսկ հաջողությունը մեկն է՝ գերիների ազատ արձակումը։ Քանի դեռ չկա գերիների նոր խմբի վերադարձ, որքան էլ քննարկենք, չգիտեմ՝ որքա՞ն արժեք ունեն այդ քննարկումներն ու ջանքերը»,-ասաց Միրզոյանը։
Նա վստահեցրեց՝ ամերիկյան գործընկերները երբեք ցույց չեն տվել հետաքրքրության նվազում այս թեմայով ու մշտապես բաց են եղել այս թեմայի համար․«Մշտապես փորձում են, շահագրգիռ են, պատրաստակամություն են հայտնել օգտակար լինել»։
