Ճիշտ որոշում էր, որ զորահանդեսին չցուցադրվեց մեր արսենալում առկա ծանր զինտեխնիկան․Հովհաննիսյան | Region

Ճիշտ որոշում էր, որ զորահանդեսին չցուցադրվեց մեր արսենալում առկա ծանր զինտեխնիկան․Հովհաննիսյան

Մայիս 28,2026 20:05

2016 թվայանից հետո այսօր մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը առաջին անգամ կազմակերպվեց մեծ զորահանդես՝ Երևանի Հանրապետության հրապարակում։ Այսօր ցուցադրվեցին վերջին տարիներին ձեռք բերված զենք-զինամթերքը։ Ըստ վարչապետի՝ բանակը ներկայանում է նոր համազգեստով ու գաղափարաբանությամբ, նոր սպառազինությամբ, ներկայացվել է 7 երկրի արտադրության սպառազինություն ու ռազմատեխնիկա։ Ներկայացվել է նաև հայկական արտադրության սպառազինություն ու ռազմատեխնիկա, որն, ըստ Փաշինյանի, միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում․«ՀՀ կառավարությունը 2022 թվականից սկսած շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում, և այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ»։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գտնում է, որ զորահանդեսներ կազմակերպելը կամ սպառազինություն ցուցադրելը տեղին չէ։

Regions TV-ի  հետ զրույցում նա ասաց, որ դրանց կազմակերպման դեպքում պետք է հաշվի առնել երկրի  քաղաքական, անվտանգային կարգավիճակը, իսկ ամենակարևորը՝ առաջնային շեշտը պետք է դնել պատրաստվածության վրա՝  ավելի շատ պատրաստվենք, քան ցուցադրենք։

Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետը նաև հիշեցրեց՝ հայրենական արտադրության որոշ զինատեսակներ վաղուց կան արտադրությունում․ «Մասնավորապես, ցուցադրությունում  ներկայացված ականանետերը, դրանք մշտապես եղել են արտադրության մեջ։ Հայրենական արտադրության ցուցադրված սպառազինություններից էին նաև ԱԹՍ-ները։ Պետք է ցավով արձանագրեմ, որ հայրենական արտադրության ԱԹՍ-ներն, սերիական արտադրության մեջ չեն»։

Արդյոք այլ երկրների՝ օրինակ հնդկական, ֆրանսիական արտադրության սպառազինության կիրառմանը մեր բանակը պատրաստ է, դրանք շահագործելու հմտություններ են հարկավոր։ Այս առնչությամբ ռազմական փորձագետն ասաց՝ բնականաբար, ցանկացած զենք-զինամթերքի կամ զինտեխնիկայի գնման դեպքում պայմանագրերում պարտադիր նշվում է, որ պետք է վաճառող երկիրը գնող երկրին ապահովի այսպես ասած՝ յուրացման մեթոդները։

«Այս շրջանականերում ևս պայմանագրային անձնակազմի հետ տարվում են աշխատանքներ, որպեսզի հատկապես նոր զինտեխնիկան, որը կարիք ունի յուրացվելու գնող երկրի կողմից, վաճառող երկիրը պարտավորվում է իրականացնել ուսուցողական, ուսումնական պրակտիկա»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Զորահանդեսներն ու զինտեխնիկայի ցուցադրությունները ցանկացած պետության համար սեփական ուժն ու անվտանգությունը վերահաստատելու կարևոր միջոց են։ Փորձագետը նկատեց՝ ճիշտ քայլ էր, երբ պետությունը ի ցույց չդրեց մեր արսենալում առկա ծանր տեխնիկան, քանի որ պարզ է, որ մենք ունենք ոչ միայն պաշտպանողական, այլ նաև հարձակվողական զենքեր։

«Բնականաբար այս զորահանդեսում չցուցադրվեց ամբողջությամբ մեր արսենալը և հատկապես ցանկացած մասնագետի սուր աչքը տեսնում է, թե ինչն է ցուցադրվել և ինչը՝ ոչ։ Պետք է ասեմ, որ այս զորահանդեսի ցուցադրված զենքերը ավելի շատ պաշտպանողական բնույթ էին կրում, քան  հարձակվողական։  Ցուցադրվել է անհամեմատ թեթև զինտեխնիկա, որ կար մեր արսենալում, բայց չէր ցուցադրվել ծանր զինտեխնիկան, որը քիչ մաս չի կազմում։ Մենք, բնականաբար, ունենք զենքեր, որոնք չեն ցուցադրվել։ Թե ինչո՞ւ, պատճառը չգիտեմ։ Սակայն,  որպես փորձագետ ասում եմ, որ չցուցադրելը ճիշտ էր»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց՝ ռազմական գործում ընդունված է կարևոր ձեռքբերումները պահել գաղտնի, հակառակորդին անակնկալի բերելու համար և շատ հաճախ նմանատիպ մասշտաբային զորահանդեսներից հետո հակառակորդը վերանայում է իր մարտավարությունը։

Արդյոք Ադրբեջանից կամ Թուրքիայից կարելի է սպասել որևէ արձգանքի այս զորահանդեսից հետո, Կարեն Հովհաննիսյանն այս հարցին ի պատասխան ասաց․«Ոչ մի արձագանքի Ադրբեջանից կամ Թուրքիաից չեմ սպասում, որովհետև այս զորահանդեսը այն զորահանդեսը չէր, որին Ադրբեջանը կարող էր սվիններով պատասխանել։ Եթե համեմատենք Ադրբեջանի անցկացրած զորահանդեսն ու այսօրվա մեր զորհահանդեսը, ապա կարելի է ասել, որ սա Հանրապետության օրվան  նվիրված տոնական ադրիբուտներից մեկն էր, և ոչ թե ուժի ցուցադրում»։

 

Տիրուն Մարգարյան

Նորություններ