Քարոզարշավի օրը․ որդեկորույս մոր «սև սիրտը», հետընտրական հնարավոր համագործակցության մասին հայտարարություն, տնտեսվարողներին արտահանման աջակցման խոստում | Region

Քարոզարշավի օրը․ որդեկորույս մոր «սև սիրտը», հետընտրական հնարավոր համագործակցության մասին հայտարարություն, տնտեսվարողներին արտահանման աջակցման խոստում

Հունիս 01,2026 23:48

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 25-րդ օրն է․ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժերը շարունակում են իրենց հանդիպումները թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։

Քարոզչության օրն ամփոփում ենք, ներկայացնելով, որ ուժեից որոնք ինչ ուշագրավ հայտարարութուններ են արել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ այսօր միջադեպ է տեղի ունեցել։ Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավի ժամանակ ոստիկանները քաղաքացի Մարիամ Վարդանյանին, ում որդին զոհվել է, թոն անհետ կորած, թույլ չեն չտվել մոտենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա փորձում էր մոտենալ Փաշինյանին ու նրան ցույց իր ձեռքի «սև սիրտը», ասում էր․ «Սա իմ սիրտն է, ժողովուրդ, նայեք, իր սրտիկները ձևական են, մենակ իր աթոռն է ուզում»։ Տարեց կինը լաց էր լինում, ապա նրան հեռացրին՝ թևերից բռնած:

Քարոզարշավի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է արցախցիների աջակցության ծրագրին, ասել է՝ «ԼՂ մեր քույրերին և եղբայրներին 50 միլիարդ դրամի ֆինանսավորում ենք ապահովել, որպեսզի նրանք ՀՀ-ում տուն առնեն ու տնավորվեն»։

«Բայց այսօր ՀՀ-ում կան ուժեր, որոնք չեն ուզում էդ մարդկանց թողնեն, որ տնավորվեն։ Անընդհատ ուզում են այդ մարդկանց պահել պանդուխտի ու գաղթականի տրամաբանության մեջ, որ այդ մարդիկ ՀՀ-ում իրենց անընդհատ ճամփի վրա զգան՝ որպես մի կանգառ ժամանակավոր։ 800 միլիարդ դրամի ծրագիր ենք իրականացնում, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, դիմեք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, դուք ու ձեր զավակները պետք է ապրեք ձեր հայրենիքում, իսկ հայրենիքը պետությունն է՝ ՀՀ-ն»,-ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ՔՊ-ն պատրաստվում է միջանցք տալ Ադրբեջանին, ասել է, որ այդ թեման փակել են` TRIPP նախագիծն են իրականացնում։ Նշել է, որ ՀՀ հարավում երկաթուղի ենք ունենալու, նաև հյուսիսային երկաթուղու շուրջ լուրջ զարգացումներ կան․«Այսօր արդեն ներդրումային քննարկումներ ենք ունենում բեռնատար մեքենաների համար հյուսիսով վճարովի ճանապարհ բացելու համար։ Սա միլիարդների եկամուտ է ՀՀ համար, առաջիկայում լրջորեն զբաղվելու ենք հյուսիսային երկաթուղով։ Մի մեծ խնդիր կա․ Հաղարծին գյուղի հատվածում սողանք կա․ 90-ականների սկզբից հողի՝ երկաթուղու նատվածը քանդված է, դա վերականգնման համար առնվազն 500 միլիոն դոլար փող է հարկավոր։ Նախկինում որևէ մեկն այդ թեմայով լուրջ քննարկում չուներ։ Հիմա Իջևան-Հրազդան երկաթուղին մոտենում է Լերմոնտովո գյուղի հատվածում Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղին, և այդտեղ 6 կիլոմետրանոց հատված կա։ Այդ երկու հատվածը, որ կպցնենք իրար, մենք ստանում ենք արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղին, և այդ դեպքում 500 միլիոն ներդրողները հաստատ կգտնվեն»։

Քարոզարշավի ժամանակ լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից հետաքրքրվել են հայ արտադրողների համար ռուսական շուկայում առաջացած խնդիրներին, ապրանքն արտահանելու ռուսական արգելքին։

Նա ասել է՝ դրանք տեխնիկական հարցեր են, որոնք քննարկում են, վստահեցրել է՝ ձուկ արտադրող երկու ընկերության հետ կապված խնդիրն արդեն լուծվել է, հունիսի 7-8-ից հետո հերթով բոլորը կբացվեն։

«Զուգահեռ այսօր արդեն էկոնոմիկայի նախարարությունը մի քանի աջակցության ծրագրեր է ներկայացրել ԵՄ, Մերձավոր Արևելք արտահանման աջակցման համար»,-ասել է նախարարը, հավելելով՝ դրանք պտուղ-բանջարեղեն, մշակող արդյունաբերության արտադրանքներ են։

Արդյոք հայկական ապրանքների որակը եվրոպական չափանիշներին համապատասխան են, իրատեսակա՞ն է, որ ԵՄ արտահանման ծավալները կարող են աճ գրանցել, Պապոյանն այս առնչությամբ ասել է՝ եթե չափանիշների մասին է խոսքը, շատ իրատեսական կլիներ, որովհետև մեր պտուղ-բանջարեղենն ունի արտահանման գլոբալ գեյթվեյ սերտիֆիկատ, որն ամենաբարձր կարգի սերտիֆիկատն է․«Դա այն է, ինչ եվրոպական սուպերմարկետներում վաճառվում է։ Բայց կան տրանսպորտային ծախսեր։ Ժամանակին, որ ասում էին՝ դե, մենք ԵԱՏՄ ենք մտնում, որովհետև մեր միրգ-բանջարեղենը միայն ՌԴ-ում են առնում, նման բան չկա․ այդ ստանդարտներն արդեն ԵԱՏՄ-ում էլ են ամենաբարձրը, մեր ապրանքներն էլ ամենաբարձր համապատասխանության են։ Տրանսպորտային հարցերի հետ կապված էլ փոխհատուցման ծրագիր ենք ներկայացրել կառավարություն։ Ագրեսիվ կսուբսիդավորենք մեր գյուղմթերք արտահանողներին, որ կարողանան մրցունակ գներ առաջարկել։ Օրինակ՝ ծաղիկը՝ 5,5 միլիոն դոլար, պղպեղը՝ 3,3 միլիոն դոլար՝ սկսած Հունաստանից մինչև մյուս եվրոպական երկրներ»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում էր այսօր քարոզարշավ իրականացնում։

Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն անդրադարձել է «Եվրանյուզի» հրապարակած հարցման արդյունքներին, ըստ որոնց ՔՊ–ն 65% քվե ունի, հայտարարել է, որ դա պրոպագանդայի մի հատված է։ Մարուքյանն ասել է՝ այդկերպ փորձում են մարդկանց քարոզել անհուսություն, իբր իշխանությունն արդեն հաղթել է, մարդիկ դրանից վախենան, չգնան ընտրության, համարեն անիմաստ։

Նա ասել է՝ պետք չէ հավատալ որևէ հարցման արդյունքներին, պետք է անպայման գնալ ընտրատեղամաս։

« Ուղղակի գնացեք ընտրական տեղամաս, որպեսզի խորհրդարանում լինեն բազմաթիվ ուժեր, որի արդյունքում կձևավորվի կոմպորմիասային կառավարություն կոմպրոմիսային վարչապետով, և Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի։ Քվեարկելով մեր օգտին դուք կանխելու եք 65% տոկոսանոց խայտառակությունը, կանխելու եք հայհոյախառն բանավեճերը, բերելու եք իրական գաղափարական բանավեճ»,- ասել է Մարուքյանը։

ԼՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված Կարպիս Փաշոյանն էլ հավելել է․«Պարզվում է այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, կարելի է Նիկոլ Փաշինյանին և շատերը, նաև միջազգային գործընկերներն ուզում են դրա վրա աչք փակել, սա անթույլատրելի է»։

 «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Նոր Հաճնում քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասել է․«Մենք ժամանակ չունենք, մեզ պետք է տեսած մարդ, ունեցվածքով մարդ եւ նաեւ մի քիչ ավելի դիսցիպլինայով մարդ, ժողովուրդ։ Ավելի լավ է դիսցիպլինայով ու աշխատող ղեկավար ունենանք, ով Հայաստանի հիմքը ուրիշ ձեւ կդնի, քան այսպես պոնչիկ ուտելով՝ գնանք առաջ ու տեսնենք, որ հարեւանները 100 կմ ժամ արագությամբ մեր կողքով անցան։ Մենք խոսք ենք տալիս՝ սկսելու ենք աշխատել, եւ երկիրը ամեն օր տարբերություն է զգալու։ Առաջին տարին ամենադժվար տարին է լինելու, երկրորդ տարին լինելու է շրջադարձային, երրորդ տարին մենք քաղելու ենք մեր աշխատանքի բերքը։ Իրար հետ պետք է աշխատենք, մեր երկրին փոփոխություն պետք է բերենք։ Երկրի դրվածքը աշխատանքային է լինելու, չի լինելու կուսակցական, ով կարողանա հարց լուծել Հայաստանի համար, մեր գլխի տեղ ունի՝ որ կուսակցությունից ուզում է լինի»։

Կարապետանը չի բացառել հետընտրական համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ, նշելով, որ քննարկումներ դեռ չեն եղել։

Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Կարապետյանն ասել է․«եթե Երևանը գնա ընտրությունների, այս մղձավանջը կավարտվի, և փոփոխություններն անխուսափելի կդառնան, ուստի անհրաժեշտ է պարզապես գնալ ընտրական տեղամասեր, որպեսզի մեր թուլությունը սովորություն չդառնա մեր ժողովրդի համար»:

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն այսօր հրապարակած տեսանյութում անդրադարձել է վերջին օրերին համացանցում տարածված կեղծ, արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութին, նշելով․«Ես և մեր թիմը Փաշինյանին երբեք չենք ընտրի վարչապետ, ՔՊ-ն պետք է զրկվի իշխանությունից։ Վերջ, սա կարմիր գիծ է։ Հայաստանի վարչապետ չի կարող ընտրվել Ադրբեջանի թեկնածուն։ Սրիկա, կեղտոտ քարոզչություն են տարածում, թե իբր մենք հայտարարել ենք ՔՊ-ին միանալու մասին։ Ա՛յ սրիկաներ, ե՞րբ ենք մենք այդպիսի բան ասել։ Սա ի նշան նրա է, որ մենք հաղթում ենք, անցնում ենք խորհրդարան։ Մեր ընտրողներին եմ դիմում, խնդրում եմ՝ չհավատալ այս կեղտոտ, սրիկա քարոզչությանը, հետևել միայն իմ խոսքին, իմ ասածներին, իմ գործունեությանը, մեր թիմին։Անպայման հաղթելու ենք ու ազատվելու ենք այս կեղտոտ համակարգից»։

Այսօր այս ուժը կապանցիների հետ հանդիպման էր, Թաթոյանը նրանց վստահեցրել է, որ իրենք դպրոցների անհիմն օպտիմալացումն ամբողջությամբ դադարեցնելու են։ Դավիթ Բեկ գյուղի դպրոցի փակման անդրադառնալով, Թաթոյանն ասել է․ «Դավիթ Բեկի դպրոցը պատմական նշանակություն ունի, այստեղ Արամ Մանուկյանն է հաճախել։ Մենք այս դպրոցը ոչ թե պիտի փակենք, այլ՝ կողքն էլ մի հատ թանգարան կառուցենք, որ բոլորը գան, տեսնեն, հիանան»։

Նա նշել է՝ անընդունելի է իշխանության այն հիմնավորումը, թե բնակչությունը քիչ է, պետք է դպրոցը փակել, ապա Թաթոյանն ասել է, որ շատ լավ ծանոթ է տեղանքին, հարևան Արծվանիկ գյուղի դպրոց տանելն իսկապես ծնողի համար բազմաթիվ դժվարություններ է ստեղծելու․«Դպրոցը փակելը նույնն է, ինչ նպատակային գյուղ դատարկես»: Դավիթբեկցին ճիշտ է ասում․ «Եթե երեխային Արծվանիկի դպրոց են տանում, ավելի լավ է՝ գնամ Կապանում կամ Արծվանիկում ապրեմ»:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները Արմավիրում քարոզարշավի շրջանակներում հյուրընկալվել են եզդիական համայնքում։ Մայրենի լեզվով հանդիպմանը եկած բազմաթիվ իր հայրենակիցներին դիմելուց հետո «Եզդիների տուն. ազգային շարժում» նախաձեռնության հիմնադիր, իրավապաշտպան Այսեր Իսայանը հետո հայերեն լեզվով է իր խոսքը շարունակել․«

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության, Սուրեն Պետրոսյանի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ որոշում կայացվեց, որ Հայաստանի հինգ մարզերում, որտեղ եզդիները խիտ են բնակեցված, համայնքում պարտադիր պետք է լինի եզդի ներկայացուցիչ։ Եվ այսօրվա ծրագրով պարոն Սիաբանդ Սադոյանին, որը դեռ 89-90 թվականներից ունի անցած փառապանծ մարտական ուղի, մենք բոլորս կարող ենք պահանջատիրոջ իրավունքով առաջադրել որպես Արմավիրի փոխմարզպետ»։ Սուրեն Պետրոսյանն իր խոսքում նշել է, որ համայնքի հետ այս երկրորդ հանդիպումը ապագայի նկատմամբ համատեղ տեսլականը քննարկելու և միասնական ճանապարհով գնալու լավ հնարավորություն է։

Կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանն ասել է․«Մենք գնում ենք ամբողջովին նոր ճանապարհով։ Արդյո՞ք մենք, այստեղ նստածներս, պատրաստ ենք փոփոխության և ամենակարևորը՝ պատրա՞ստ ենք մեր մասնակցությունը ցուցաբերել։ Մենք կարող ենք ասել, որ մեր իշխանության ժամանակ մենք եզդիական համայնքի համար կանենք այս, այն, բայց ոչ մեկը չի կարող ավելի լավ ներկայացնել եզդիական համայնքի խնդիրները, եզդիական համայնքի շահերն ավելի լավ չի կարող սպասարկել, քան հենց եզդի ժողովրդի զավակները։ Հետևաբար, պետք է ոչ թե հատվածային խոստումներ տալ, որից կօգտվեն մի քանի մարդիկ, այլ պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի սեփական կյանքի, միջավայրի ձևավորման, կառուցման մեջ հենց համայնքը անմիջականորեն ներգրավված լինի։ Եվ սա ամենակարևորն է, որի նախադեպը երբեք չենք ունեցել։ Մեր առաջարկը հետևյալն է. որ մենք կարողանանք այս ճանապարհը անցնել միասին և վերանայենք մեր ընդհանուր ապագան՝ պետականաշինության մեջ շատ կարևոր դեր տալով եզդիական համայնքին։ Մենք այս ճանապարհին ակնկալում և հայցում ենք ձեր բոլորի աջակցությունը»։

Քրիստոնեա – Ժողովրդավարական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասել է․«ՀՀ իշխանությունները գործ ունեն անելու՝ ռուսական ագենտուրան պիտի գլխատվի։ արևոր է գիտակցելը, որ իրադրություն է փոխվում և մեր ոխերիմ բարեկամը որոշել է Հայաստանում պետականության կայացում թույլ չտալ, որովհետև ռուսամետ ուժերի հաղթանակը, որ ինքը նախատեսում է, նշանակում է Հայաստանի անէացում «Ռուսկի միրի» մեջ։ Իսկ քանի որ Հայաստանը պիտի լինի, «Ռուսկի միրը» կարող է և չլինել։ Էսօր նշանախոսը մեկն է․ Հայաստանի պետականությունը որպես ազատ, անկախ պետականություն, պիտի կայանա և չի ենթարկվելու «բանդայի սխոտկային»։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը սոցիալական ցանցում գրառում է կատարել․«Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռության գլխավոր խախտողը, մեզ Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև պրոքսի պատերազմի մեջ ներքաշողը, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով վերահաս էներգետիկ և տնտեսական կոլապսի անկոչ ճարտարապետ Նիկոլ Փաշինյանը գրավիտացիայի մասին իր պրիմիտիվ դատողություններով մի ամբողջ դասախոսություն է կարդում «հավասարակշռության» մասին: Այդ նույնն է, որ սերիական բռնաբարը դասեր տա բարոյականության և բարության մասին: Ինչ վերաբերում է արհեստական բանականության կենտրոնների ստեղծման և գիտության ֆինանսավորման մասին, ապա մենք էլ ենք կողմ Միացյալ Նահանգների հետ այդ բնագավառում համագործակցությանը, բայց մենք խոսում ենք ավելի կարևոր ռազմավարական մոտեցումների մասին, այն է՝ սուվերեն արհեստական բանականության և ոչ միայն գիտության, այլ նաև տեխնոլոգիական առաջնագծին գտնվող մասնավոր ընկերությունների գիտահետազոտական (R&D) աշխատանքների պետական ֆինանսավորման մասին»:

Ազգային-ժողովրդավարական Բևեռն այսօր իրազեկման ակցիա են իրականացրել, հայտարարելով. «Ընտրություններին մնացել է 1 շաբաթից քիչ ժամանակ, եղեք տեղեկացված, լավ մտածեք մինչեւ ձեր ձայնը կտաք որևէ ուժի։ Ընտրեք ազգայինը և ինքնիշխանությունը գերադասող ուժին, մենք միակ ազգային ուժն են։ Մեր ողջ ծրագրերը հրապարակված են, մենք ունենք հայրենիքը այս ծանրագույն վիճակից հանելու բոլոր»։

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի էր Կենտրոն և Ավան վարչական շրջաններում։

Կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում ասել է՝ մեր երկրի խաղաղության խնդիրը կախված է մեր երկրի տնտեսությունից․ «21-րդ դարում պատերազմներում հաղթում են պետությունները, ոչ թե բանակները։ Ես վստահաբար եմ ասում ձեզ՝ ՀՀ-ն կարող է հաղթել Ադրբեջանին, առանց պատերազմի, առանց արյան տնտեսական մրցակցության պայմաններում և մենք ներկայացնում են այ այդ կարգի ծրագիր»։

Այսօր իրավապահները կրկին ընտրակաշառքի բացահայտման մասին հաղորդագրություն են տարածել։

«ԲՀԿ-ի թեմա ա, տասովկա կա, պրյամոյ ասում եմ՝ 100 մանեթը ջեբդ ա, եթե իմանամ հետս ես»,-նման խոսակցություն է եղել ենթադրյալ ընտրակաշառք առաջրկողի և մեկ այլ քաղաքացու միջև։ Տեսանյութը իրավապահներն են հրարապակել, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հակակաոռուպցիոն կոմիտեն այսօր նաև հայտնել է, որ ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է։

Փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և Հայաստան տեղափոխելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ:

 

Նորություններ