«Կարճ ժամկետում Հայաստանին ԵՄ աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում». Կոս | Region

«Կարճ ժամկետում Հայաստանին ԵՄ աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում». Կոս

Հունիս 02,2026 21:32

Հայաստան-Եվրամիություն գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակն են քննարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները «գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման դինամիկան»։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված փոխգործակցությանը՝ որպես ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս, ասված է հաղորդագրությունում:

Մարթա Կոսը, իր հերթին, X-ում գրել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում վերահաստատել է «Եվրամիության համերաշխությունը Հայաստանի հետ Ռուսաստանի աճող տնտեսական հարկադրանքին դեմ-հանդիման»:

«Մենք կարճ ժամկետում Հայաստանին Եվրամիության աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում: Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքը՝ խթանելու դեպի Հարավային Կովկաս և Հարավային Կովկասում առևտրային և էներգետիկ կապերը՝ աջակցելով իր անմիջական հարևանների հետ Հայաստանի տնտեսական կապերին», – գրել է ԵՄ հանձնակատարը:

«Հայաստանն ինքնիշխան և անկախ երկիր է, որի ժողովուրդն ազատ է՝ ընտրելու երկրի ուղին», – ընդգծել է Մարթա Կոսը:

Նորություններ