Քվեարկելու համար ՌԴ-ից Երևան ժամանած տղամարդը ձերբակալվել է
Համացանցում շրջանառվող աղմկահարույց տեսանյութում հարցազրույց տվող տղամարդը, որն ասում էր, որ «Երևան է ժամանել ընտրություններին քվեարակի ու նույն օրն անմիջապես վերադառնա Ռուսաստան՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար», ձերբակալվել է։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ տվյալ տղամարդը՝ ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանը, «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է։
Ըստ Քննչական կոմիտե՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հովհաննես Սահակյանը հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
«Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը»,- հայտնում են ՔԿ-ից:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այդ դեպքի առթիվ հայտարարություն է տարածել, ոտեղ նշվում է, որ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հովհաննես Սահակյանին։
«Հունիսի 8-ի վաղ առավոտյան, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՁՊՎ, առանձնազրույց ունեցել Հովհաննես Սահակյանի հետ և քննարկել նրա կողմից բարձրացված հարցերը։ Առանձին հարցեր տեղում լուծում են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջամտության արդյունքում։ Գործի հանգամանքների և անձի իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմնից»,- հայտնում են պաշտպանի գրասենյակից։
