Մարմաշենի խճուղում գտնված երիտասարդի վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ մանրամասներ | Region

Մարմաշենի խճուղում գտնված երիտասարդի վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ մանրամասներ

Հունիս 13,2026 18:07

Հունիսի 13-ին Գյումրու Մուշ թաղամասի մոտակայքում, Մարմաշենի խճուղում երիտասարդ տղայի են  հայտնաբերել՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Երիտասարդին շտապ օգնություն են ցուցաբերել և տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն։ Վնասվածքներ ստացած քաղաքացին 29-ամյա Մ․Կ․-ն է, նա այս պահին գտնվում է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Գյումրու բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ  Արտյոմ Աբովյանը Regions TV-ի հետ զրույցում հայտնեց, որ երիտասարդի վիճակը կայուն ծանր է։

«Նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք, սուր արախնոիդալ արյունազեղում, ծոծրակոսկրի գծային կոտրվածք և գլխի հետին գագաթային և ծոծրակային շրջանի պատռված վերք: Առաջիկա ժամերի ընթացքում, մինչև մոտավորապես 48 ժամը, ունենք սուր շրջան, երբ հնարավոր է, որ արյունազեղման օջախները մեծանան և ստեղծեն կյանքի հետ անհամատեղելի վիճակ։ Հնարավոր է ընդհուպ մինչև վիրահատական բուժում, անցում թոքերի արհեստական շնչառության: Տվյալ պահին վիճակը ծանր է, հիվանդը գտնվում է դինամիկ հսկողության տակ, իրականացվում է անհրաժեշտ դեղորայքային բուժում»,- նշեց Արտյոմ Աբովյանը։

Բժիշկն արձանագրեց, որ երիտասարդը չի հիշում իր հետ կատարվածը, իսկ այն հարցին, թե ի՞նչն է եղել վնասվածքների պատճառը, Արտյոմ Աբովյանը պատասխանեց, որ իրենք որևէ տեղեկություն չունեն։

«Գանգուղեղային վնասվածքը ուղեկցվում է նաև հիշողության՝ հատկապես անտերոգրադ և ռետրոգրադ խանգարումներով. դեպքից առաջ, դեպքից հետո ինքը կարճատև հիշողության կորուստ կարող է ունենալ և չհիշել իր հետ կատարվածը»,- ընդգծեց բժիշկը։

Նա ավելացրեց նաև, որ վնասվածքներ ստացած քաղաքացին, բացի հիշողության կորստից, գտնվում է նաև սուր սթրեսային վիճակում և ինքը նպատակահարմար չի գտնում, որպեսզի նա ցուցմունք տա։

Նորություններ