Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ ֆուտբոլի պատմության երկրորդ խաղացողը, ում հաջողվեց մասնակցել աշխարհի վեց առաջնությունների։
ԱԱ-2026-ի խմբային փուլի 1-ին տուրի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու դեմ խաղում 41-ամյա ռմբարկուն դուրս եկավ խաղադաշտ պորտուգալացիների մեկնարկային կազմում:
Այսպիսով, Ռոնալդուն կրկնեց արգենտինացի լեգենդ Լիոնել Մեսսիի պատմական նվաճումը, ով իր վեցերորդ Մունդիալի առաջին հանդիպումն էր անցկացրել հունիսի 17-ի գիշերը: Հիշեցնենք, որ Ռոնալդուն նախկինում մասնակցել է նաև 2006, 2010, 2014, 2018 և 2022 թվականների Աշխարհի առաջնություններին։
Ֆուտբոլի պատմության ընթացքում հինգական Մունդիալի են մասնակցել մեքսիկացիներ Անտոնիո Կարբախալը, Անդրես Գուարդադոն և Ռաֆայել Մարկեսը, ինչպես նաև գերմանացի լեգենդար ֆուտբոլիստներ Լոտար Մատեուսն ու Մանուել Նոյերը:
Կոնգոյի ԴՀ-ի դեմ հանդիպումը Կրիշտիանուի համար հոբելյանական՝ 23-րդն էր աշխարհի առաջնությունների շրջանակում, որոնցում նա դարձել է 8 գոլի հեղինակ: Ռոնալդուն, ով Պորտուգալիայի գլխավոր թիմում հանդես է գալիս 2003 թվականից, հանդիսանում է Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող։ Ընդհանուր առմամբ, նա իր ընտրանու կազմում անցկացրել է 228 հանդիպում և դարձել 143 գոլի հեղինակ։
2-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հունիսի 23-ին կմրցի Ուզբեկստանի ընտրանու հետ, իսկ հունիսի 28-ին ուժերը կչափի Կոլումբիայի հետ: Կոնգոյի ԴՀ հավաքականն իր հերթին հունիսի 24-ին կխաղա Կոլումբիայի, իսկ հունիսի 28-ին՝ Ուզբեկստանի դեմ։
