Տուժածները պետք է դիմեն իրենց համայնքապետարան․ ինչպե՞ս է կատարվում կարկտի հասցրած վնասների գույքագրումը
Հունիսի 19-ի երեկոյան Գյումրի քաղաքում և հարակից բնակավայրերում տեղացած ուժեղ կարկուտից տուժել են բազմաթիվ բնակիչներ։ Վնասվել են ավտոմեքենաներ, բնակելի կառույցների տանիքներ և գույք, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ և մշակաբույսեր։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը քննարկել է աշխատանքների կազմակերպման ընթացքը և հետագա անելիքները։
Շիրակի մարզպետի աշխատակազմի մամուլի խոսնակ Արաքսյա Կիրակոսյանը Regions TV-ի հետ զրույցում նշեց, որ երեկվանից հանձնաժողովն ակտիվ համակարգում է աշխատանքները, և այդ նույն աշխատանքները կատարվում են նաև բոլոր համայնքներում։
«Հանձնաժողովը համակարգում է նմանատիպ դեպքերը։ Տուժածները պետք է դիմեն իրենց համայնքապետարան, այնուհետ այնտեղից տվյալները պետք է փոխանցեն մարզային հանձնաժողով, որից հետո ընդհանրական տվյալները կհավաքագրվի և կորոշվի, թե կոնկրետ ինչ պետք է արվի»,- տեղեկացրեց Արաքսյա Կիրակոսյանը։
Նա ընդգծեց նաև, որ այս պահին վերջնաժամկետի առումով ոչ մի տեղեկություն չկա․ «Միգուցե մի քանի օր հետո նշվի դիմումների ներկայացման վերջնաժամկետի մասին, կարծում եմ երկուշաբթի-երեքշաբթի արդեն պարզ կլինի, փոխհատուցումների առումով ևս այս պահին տեղեկություն չկա, քանի որ դեպքը երեկ է եղել»։
Նշենք, որ վնասների գույքագրում իրականացվում է տեղում` յուրաքանչյուր համայնքում։
