Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա | Region

Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա

Հունիս 20,2026 19:11

Գերմանիայի Մյունխեն քաղաքում բեռնատար գնացքի երկու վագոն են կախվել կամրջից և ընկել փողոցի վրա։ Պատահարի հետևանքով կա մեկ զոհ, հայտնում է Tagesschau-ն։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 1:40-ի սահմաններում, Միլբերտսհոֆեն թաղամասի երկաթուղային հատվածում։

Իրավապահների տվյալներով՝ մանևրային շարժման ժամանակ կամրջի վրա դեռևս անհայտ պատճառով բախվել են երկու բեռնատար գնացքներ։ Բախումից հետո գնացքներից մեկը դուրս է եկել ռելսերից, և երկու վագոն մոտ հինգ մետր բարձրությունից ընկել են Շլայսհայմեր շտրասե փողոցի վրա։

Թե կոնկրետ ինչ էր տեղափոխում բեռնատար գնացքը, առայժմ չի հաղորդվում։ Ոստիկանության տեղեկություններով՝ վտանգավոր բեռներ չեն եղել, և բնակչության համար սպառնալիք չկա։

Զոհվածի ինքնության մասին տվյալներ չեն հաղորդվում։

Դեպքի վայրում աշխատել են արտակարգ ծառայությունները, իսկ առավոտյան սկսվել են վագոնների տարհանման և բարձրացման աշխատանքները։

Ոստիկանության փոխանցմամբ՝ այդ հատվածում երթևեկությունը դադարեցված է և կարող է սահմանափակված մնալ մինչև կիրակի։ Deutsche Bahn ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել մի գծի վրա, որն օգտագործվում է բացառապես բեռնատար գնացքների կողմից, ուստի տարածաշրջանային և հեռահար ուղևորափոխադրումների խափանումներ չկան։

Նորություններ