ՍԴ-ն պահանջում է ընտրողների մասին տեղեկատվություն, որոնց քվեարկության վայրերն ու տվյալները պահվել են գաղտնի | Region

ՍԴ-ն պահանջում է ընտրողների մասին տեղեկատվություն, որոնց քվեարկության վայրերն ու տվյալները պահվել են գաղտնի

Հունիս 24,2026 14:24

Հայաստանի Սահմանադրական դատարանը մասնակիորեն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունն ու ԿԸՀ-ից և  Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տվյալներ։

ՍԴ-ի աշխատակարգային որոշման համաձայն՝ ՍԴ-ն պահանջել է տրամադրել ընտրություններին մասնակցած այն անձանց ամբողջական տվյալները, որոնց տվյալներն ու քվեարկության վայրերը պահվել են գաղտնի, և որոնց ընդհանուր թիվը կազմում է 16 738 անձ։ Բացի այս, ՍԴ-ն ԿԸՀ-ից և ՆԳՆ-ից պահանջել է տրամադրել տվյալներ, թե համապատասխան ընտրական ցուցակներում բնակության վայրի հաշվառումից ժամանակավորապես քանի՞ անձ է հանվել, նշված անձանցից քանիսի՞ տարիքային խումբն է համապատասխանել 18-23 տարեկանին, ի՞նչ իրավական, տեխնիկական և կազմակերպական վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու համար նշված անձանց կողմից երկու կամ ավելի անգամ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը։

Նշված տվյալները ՆԳՆ-ն պետք է տրամադրի այսօր մինչև ժամը 18:00-ը։

ՍԴ-ն ԿԸՀ-ից պահանջել է պարզաբանումներ այն հանգամանքի վերաբերյալ, որ անձը հաստատող փաստաթղթի տվյալները մասնագետի կողմից ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների թիվը, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, կազմել է 79.125, ներառյալ` ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված նման թվով դեպքերում տվյալների ձեռքով ներմուծումը, ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է այն իրականացվել, արդյոք այդ դեպքերով ապահովվե՞լ է ընտրողի նույնականացման պատշաճությունը, և ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են գործել կրկնակի կամ ոչ իրավաչափ քվեարկության ռիսկը բացառելու համար:

Մեկ այլ որոշմամբ՝  Սահմանադրական դատարանը սեփական նախաձեռնությամբ ԱԱԾ-ից պահանջել է 2025 և 2026 թվականների մայիս-հունիս ամիսներին Հայաստանի սահմանը հատած 18 տարին լրացած քաղաքացիների թվային տվյալները՝ դրանք համադրելու նպատակով։

 

Նորություններ