Քվորում չապահովվեց, Գյումրու ավագանու նիստը չկայացավ | Region

Քվորում չապահովվեց, Գյումրու ավագանու նիստը չկայացավ

Հունիս 25,2026 15:22

Գյումրու ավագանին այսօր հերթական նիստ էր նշանակել, որը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Ավագանու 33 անդամից 11-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն են, որոնք չէին ներկայացել նիստին։

Կանոնակարգի համաձայն, եթե ավագանու անդամների կեսից ավելին ներկա չէ, ապա պիտի նիստն ընդմիջվի կես ժամով, որպեսզի ապահովվի քվորումը։

Մինչ ընդմիջում հայտարարելը, հայտարարությամբ հանդես եկավ «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Աննա Մուրադյանը։ Նա խնդրեց ավագանու նիստը հետաձգել կես ժամով, մինչև իրենց խմբակցության ղեկավարը կհասցնի ներկայանալ։ Խմբակցության քարտուղարը հայտնեց, որ Կարեն Սիմոնյանի տուն են այցելել  Հակակոռուպցիոն կոմիտեից և խուզարկություն են իրականացնում։

Անցավ կես ժամը և քվորում չապահովվեց։ Ավագանու նիստը չկայացավ։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացնում Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը։

Ավելի ուշ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, թե ինչու չի մասնակցել ավագանու այսօրվա նիստին։ «Ավագանու նիստին չմասնակցելու պատճառներից մեկը մեր խմբակցության կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերի առաջարկների մերժումն ու նիստերի օրակարգում չներառելու արատավոր քաղաքականությունն է» ,-մասնավորապես նշված է հայտարարությունում։

Նորություններ