Ինչպե՞ս չդառնալ կեղծ լուրերի զոհ․ հարցում Արթիկ համայնքում
Ապատեղեկատվությունն այսօր դարձել է ոչ միայն մեդիադաշտի, այլև ազգային անվտանգության ամենալուրջ մարտահրավերներից մեկը։ Թվային տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի արագ զարգացման պայմաններում կեղծ տեղեկությունները տարածվում են ակնթարթորեն։ Դրանց հեղինակների նպատակն է մանիպուլացնել հանրային կարծիքը, ապակողմնորոշել քաղաքացիներին, սերմանել անվստահություն պետական ու հասարակական ինստիտուտների նկատմամբ և հասարակության մեջ ստեղծել լարվածություն և անորոշություն։
Այս թեմայով Regions TV-ն շարունակում է հարցումներ անցկացնել Արթիկ համայնքի բնակավայրերում՝ պարզելու, թե բնակիչներն ինչպես են գնահատում ապատեղեկատվության ազդեցությունը և ինչպիսի վտանգներ են տեսնում դրանում։
Սպանդարյան գյուղի բնակիչների մեծ մասը համոզված է, որ կեղծ լուրերի հեղինակների գլխավոր նպատակը մարդկանց մոլորեցնելն ու ապակողմնորոշելն է։ Ըստ նրանց՝ աապատեղեկատվությունը հաճախ օգտագործվում է հանրային կարծիքի վրա ազդեցություն գործելու, հասարակության մեջ անվստահություն և խուճապ տարածելու, ինչպես նաև մարդկանց իրական խնդիրներից շեղելու համար։
