Ամեն օր մի նոր պոկված քար են տեղադրում. ի՞նչ է սպասվում Ակնալիճի վթարային շենքի բնակիչներին | Region

Ամեն օր մի նոր պոկված քար են տեղադրում. ի՞նչ է սպասվում Ակնալիճի վթարային շենքի բնակիչներին

Հուլիս 06,2026 19:00

Արմավիրի մարզի Ակնալիճ բնակավայրի Գառնիկյան թաղամասի թիվ 3 շենքի բնակիչներն ամեն օր իրենց ուժերով մի նոր պոկված քար են տեղադրում և փլվող պատ են նորոգում։

«Վթարային այս շենքում 24 ընտանիք է ապրում։ Տարիներ են անցել, սերունդներ են փոխվել, իսկ Գառնիկյան-3 հասցեի շենքի հարցը դեռ չի լուծվել»,- նշում է շենքի բնակիչ Նվեր Խաչատրյանը։

Բնակիչների խոսքով իրենց ձեռքի տակ մի քանի փորձագիտական եզրակացություն ունեն, որ շենքը 4-րդ աստիճանի վթարայնություն ունի, սակայն վերջերս փորձագետներից մեկը հակասական կարծիք է հայտնել։

Արմավիրի մարզպետի աշխատակազմում խնդրին քաջածանոթ են։ Գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը Regions TV-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք համապատասխան հանձնարարական են ստացել, հարցը քննարկումների փուլում է։

Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից արձագանքել են, որ  տարբեր ձևաչաձերով քննարկվում են քանդման ենթակա բնակֆոնդի խնդիրների կանոնակարգման տարբերակները, առաջնահերթությունները, ֆինանսավորման աղբյուրը և ձևաչափը։ Ընդ որում, առաջնահերթ կարգով քննարկվում է վթարային՝ քանդման ենթակա (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) այն շենքերի հարցը, որոնցում առկա է փլուզման վտանգ։

Բնակիչները մեկ անգամ ևս դիմում են պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին՝ գործողություններն արագացնելու ակնկալիքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ