«Եթե Գագիկ Ծառուկյանը իշխանությունների նկատմամբ ավելի լոյալ լիներ, նման մեղադրանքներ չէին լինի»․ Բաղդասարյան | Region

«Եթե Գագիկ Ծառուկյանը իշխանությունների նկատմամբ ավելի լոյալ լիներ, նման մեղադրանքներ չէին լինի»․ Բաղդասարյան

Հուլիս 07,2026 23:30

«Բնականաբար, դա քաղաքական որոշում է՝ իշխանությունների, փաթեթավորված որպես իրավական ինչ-որ լուծում: Նպատակը, կարծում եմ, հասկանալի է, քանի որ իշխանությունները մտադիր են առաջիկայում իրականացնել մի շարք կարևոր քայլեր, օրինակ՝ Սահմանադրության փոփոխություն և այլն։ Նրանք պիտի նախապես չեզոքացնեն դրա դեմ պայքարի հնարավոր օջախները, և այդ համատեքստում պետք է առաջին հերթին ընկալել այն ամենը, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ»,-այսպիսի կարծիք հայտնեց Regions TV-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս կալանք կիրառելու միջնորդությունը։  Ծառուկյանն, ըստ իրավապահների, մեղադրվում է«առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման համար»։

ԲՀԿ առաջնորդի առանձնատանը և նրան, նրա ընտանիքին պատկանող ավելի քան 70 ընկերություններում, մասնավոր տարածքներում, նրա հետ առնչվող անձանց բնակարաններում Քննչական կոմիտեն ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել, ու 12 ժամ տևած խուզարկությունների ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվեց, ապա  կալանավորվեց։

Այսօր Քննչական կոմիտեն  69-ամյա Ծառուկյանի կալանավորման տեսանյութն է տարածել՝ ԱԱԾ դիմակավորված  տասնյակ ծառայողներ զինված մտնում են Ծառուկյանի առանձնատուն, գետնին պառկեցնում մի քանի տղամարդու, ապա ներսում շրջապատում Ծառուկյանին, քաշքշում նրա ոտքերից,  պառկեցնում գետնին, հետո նրան ձեռնաշղթաներով տեղափոխում Քննչական կոմիտե:

Ծառուկյանը իշխանությունների «թիրախում» հայտնվեց, երբ մտավ ընտրապայքարի մեջ, առաջադրվել էր վարչապետի թեկնածու։ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում երբեմն քննադատում էր իշխանությանը։ Փաշինյանն էլ քարոզարշավի ժամանակ բանտով էր սպառնում Ծառուկյանին։

ԲՀԿ-ն չանցավ խորհրդարան։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նկատեց՝  իշխանությունը կրկնում է նույն մեթոդները, որոնք կիրառել են նախկին իշխանությունները, նունիսկ շատ ավելի կոշտ, շատ ավելի բացահայտորեն․«Եվ սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ իշխանությունները պարզապես ցանկանում են վերահսկել հնարավոր ամեն ինչ, այդ թվում՝ բիզնեսները, այդ թվում՝ քաղաքական կուսակցություններին, եկեղեցուն,  իրավական համակարգը և այլն, և այլն: Սա առանձին որպես դրվագ կամ, ինչպես ներկայացվում է, անձնական վրեժխնդրություն, կարծում եմ՝ այդպիսի հարց չկա: Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իրականացնի արտաքին վերադասներին տված իր խոստումները, պիտի նախապես 100%-ով վերահսկի ամեն ինչ Հայաստանում, որպեսզի որևէ դիմադրություն չլինի: Դրա համար էլ արտաքին գործընկերները, այսպես ասենք՝ այդ թվում Արևմուտքը, պարզապես մատների արանքով են նայում այս ամենին, թեև ակնհայտ է, որ Հայաստանում բացահայտորեն հաստատվում է ավտորիտար ռեժիմ»։

Բաղդասարյանի կարծիքով՝ նպատակը արտաքին այդ քաղաքականությունում վեկտորի փոփոխությունն է, խաղաղության համաձայնագիրը․«Բայց եթե չլինի ավտորիտար ռեժիմ, Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու դա անել խոցելի լեգիտիմությամբ և հասարակության ակնհայտ հակընդդեմ տրամադրությունների պայմաններում: Դրա համար էլ նախ պետք է հաստատել ավտորիտար ռեժիմ, որպեսզի իր այդ նպատակին, որևէ բան չխանգարի»։

Մեր հարցին՝ այս գործընթացը հանրության մոտ ընկալվում է որպես արդարադատությո՞ւն, պայքար թալանի դե՞մ,  թե՞ սովորական քաղաքական վրեժխնդրություն, Բաղդասարյանը պատասխանեց․«Այո, հասարակության մեջ կա ինչ-որ հատված, որը ընկալում է սա որպես նախկին հանցագործների դեմ պայքար, թալանի դեմ պայքա,  թալանվածը հասարակությանը հերթով, հատիկ-հատիկ վերադարձնելու այդ համատեքստում։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ այս ամենը իրավական գործընթաց չէ և արդարության վերականգնման հետ առանձնապես կապ չունի: Այլ հարց է, որ հասարակության մի մասը համարում է, որ լավ են անում, որ այդպես են անում, մի մասը համարում է, որ կարծես թե լավ չեն անում: Բայց բոլորին էլ հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում»։

Ըստ Բաղդասարյանի՝ եթե  Գագիկ Ծառուկյանը ավելի լոյալ լիներ իշխանությունների նկատմամբ, հնարավոր է, որ այդ մեղադրանքները չլինեին։

Նշենք․ որ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

Այնուհետև, ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի և գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ ԲՀԿ առաջնորդն այս մեղադրանքը չի ընդունում, այն համարում է կեղծիք։ Ծառուկյանի փաստաբանները վստահեցնում են՝ դատարանի որոշումը  բողոքարկելու են։

Տիրուն  Մարգարյան

Նորություններ