«Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, դրանից հետո խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»․Բայրամով | Region

«Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, դրանից հետո խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»․Բայրամով

Հուլիս 09,2026 10:55

«Ադրբեջանական կողմն ավարտել է աշխատանքի իր մասը՝ խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցման ուղղությամբ»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովը նշել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն. «Խաղաղության պայմանագրի տեքստն արդեն նախաստորագրված է, այն բաց է հանրության համար։ Այս հարցում ադրբեջանական կողմի մոտեցումը սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, Բայրամովն ասել է, որ այդ ուղղութամբ աշխատանքները շարունակվում են, և այդ նպատակով ստեղծվել են հանձնաժողովներ և այդ աշխատանքները կատարվում են կանոնավոր կերպով։

«Մենք տեսնում ենք աշխատանքի դրական նախնական արդյունքները. սահմանազատվել է գրեթե 13 կիլոմետր երկարությամբ պետական ​​սահման»,- ասել է նա։

Բայրամովը նշել է, որ երկու կողմերից էլ որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։

«Գործընթացը կիրականացվի, և կլուծվեն անկլավային գյուղերի խնդիրները»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

«Թրամփի ուղի»  նախագծի մասին  խոսելիս Բայրամովը կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, նշելով․«Մեզ հայտնել են, որ աշխատանքներ են տարվում Հայաստանով անցնող «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային և երկաթուղային նախագծի ուղղությամբ։ Վաշինգտոնի գագաթնաժողովի շատ կարևոր արդյունքներից մեկը եղել է «Զանգեզուրի միջանցքի»՝ Հայաստանով անցնող հատվածի համաձայնեցումը. Դրան աջակցում է նաև ԱՄՆ-ը։ Այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Բայց, միևնույն ժամանակ, TRIPP-ի (Տրանսպորտային ենթակառուցվածքների միջազգային նախագծի) մուտքի և ելքի մասերը գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Այդ պատճառով մեզ տեղեկացնում են ԱՄՆ-ի մեր գործընկերները։ Մեզ տրված խոստումներն այն են, որ գործընթացն ընթացքի մեջ է, հիմա փաստաթղթերի պատրաստման փուլն է»։

Նորություններ