«Ազդակներ ենք ստանում, որ մոտ ապագայում Հայաստանում հնարավոր է սկսվի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը»․ Հաջիև
Բաքվից կրկին հայտարարություններ են հնչում ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու վերաբերալ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական Haber Glоbal-ին տված հարցազրույցում ասել է․ «Ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ մոտ ապագայում հնարավոր է, որ Հայաստանում սկսվի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումից հետո մենք խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար որևէ խոչընդոտ այլևս չենք տեսնի։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի դե ֆակտո խաղաղ իրավիճակ»։
Նշենք, որ Հայաստանի ինշխանությունը ևս գտնում է, որ ՀՀ Սահամանդրությունից Անկախության հռչակագիրը պետք է հանվի, և ընդհանրապես, ՀՀ-ն կարիք ունի նոր Սահամանդրության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է, ու դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից»:
Հիքմեթ Հաջիևը նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում նաև անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։ Նա ասել է, որ այդ հարցն ի հայտ գալուց անմիջապես հետո Ալիևի հանձնարարությամբ սկսել են ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի նախագծի ընդունումը տապալվի․ «Եղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար, և այս հարցը միշտ էլ կարմիր գիծ է եղել մեզ համար։ Մենք նաև մեր ուղերձները փոխանցեցինք իսրայելական կողմին, որ նման որոշման ընդունումը, նախևառաջ, անարդար կլինի, չի արտացոլի պատմական իրականությունը, և մենք դրա ընդունումը նպատակահարմար չենք համարել։ Դրական կողմն այն է, որ իսրայելական կողմը լուրջ ընդունեց Ադրբեջանի ուղերձները։ Մենք կարծում ենք, որ այս հարցում հետագա առաջընթացը կանխվել է»։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրաելի խորհրդարանում՝ Քնեսեթում քվեարկության չի դրվել՝ վարչապետ Նեթանյահուի վրա Ադրբեջանի ճնշման պատճառով:
